Թերթը հայտնոմ է, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտորը՝ Դերենիկ Դումանյանը, սկսել է բուհ վերադարձնել նախորդ ռեկտոր Գոհար Քյալյանի օրոք հեռացած կադրերին. «Առայժմ դեռ բանակցություններ են գնում, հրամանները կլինեն օգոստոսի վերջին»: Դ.Դումանյանը նշել է. «Ես վերջին անգամ Գոհար Քյալյանին տեսել եմ, երբ ինձ ներկայացրին որպես պաշտոնակատար, այնուհետև ինքը դիմում է ուղարկել, որ խնդրում է ազատել ամբիոնի վարիչի պարտականություններից։ Ես փորձեցի կապվել նրա հետ՝ պարզելու պատճառները, ինձ չհաջողվեց, և ես բավարարեցի դիմումը: Որևէ խոսակցություն կամ առավել ևս կոնֆլիկտ չի եղել»։
Թերթի դիտարկմանը, թե այնուամենայնիվ Քյալյանը հայտարարել էր, որ մնալու է և շարունակելու է պաշտոնավարել որպես ամբիոնի վարիչ՝ համատեղելով Հ2 հեռուստաալիքի ղեկավարի պաշտոնը, Դումանյանը պատասխանել է. «Ես էլ շատ կուզենայի, որ ինքը մնար-աշխատեր, որովհետև ինքը որպես ամբիոնի վարիչ միշտ շատ լավ է աշխատել, և ես կուզենայի, որ ինքը ղեկավարեր այդ ամբիոնը, որը համալսարանի կարևորագույն ամբիոններից մեկն է, բայց, ցավոք սրտի, ես չկարողացա»:








































