ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի անվտանգության խնդիրների լուծման ուղիների հարցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահ Թրամփը կարևորել է Սիրիայում ահաբեկչական տարրերի ոչնչացման կարևորությունը: Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի հիմնախնդիրների լուծման ուղիների որոնումները՝ հաշվի առնելով երկու երկրների անվտանգության խնդիրները»,- ասել է Սանդերսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի և Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի հիմնական թեման Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունն է, որի զոհերի թվում եղել են նաև ամերիկացի զինվորականներ:
Թուրքական կողմի տվյալներով, նախագահները համաձայնել են համատեղ ջանքեր գործադրել Սիրիայի տարածքը ԻՊ-ի մնացորդներից մաքրելու և երկրի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններն արագացնելու ուղղությամբ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով տարաձայնություններ կան:
Վաշինգթոնը պնդում է, որ Անկարան չպետք է հարձակվի ԱՄՆ դաշնակից քրդական ուժերի վրա: Միևնույն ժամանակ, Թուրքիան այդ խմբավորումներն իր անվտանգության համար սպառնալիք է համարում:











































