Հայաստանում, անկախ տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից՝ ղարաբաղյան հիմնահարցը եղել և մնալու է Հայաստանի ամենակարևոր հարցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ իր դիրքորոշումը քանիցս հայտնել է՝ նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության և առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, որևէ լուծման չի գնա։ Իսկ թե նոր Ազգային ժողովը, նոր քաղաքական էլիտան որքանո՞վ է պատրաստ ղարաբաղյան հիմնահարցին լրջությամբ մոտենալ՝ հստակ չէ։ Այս օրերին մենք տեսնում ենք, որ մեծամասնությունը քվեարկում է այնպես, ինչպես կորոշի Նիկոլ Փաշինյանը։ Տեսականորեն չի բացառվում նաև, որ արցախյան կարգավորման մի բարդ փուլում «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն քվեարկի այնպես, ինչպես որոշի վարչապետը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ խորհրդարանից ղարաբաղյան հարցի շուրջ նոր ակնկալիքներ ունենալ պետք չէ։ «Ամեն դեպքում, իշխող ուժը մնում է այն ուժը, որը վերջին 8-9 ամիսների ընթացքում եղել է իշխանության և իր տեսակետը հայտնել է։ Խորհրդարանը, ըստ իս, կհետևի կառավարության կամ վարչապետի կողմից առաջարկվող օրակարգին։ Հարցն ավելի շատ կլուծվի վարչապետի, արտգործնախարարության մակարդակով։ Առհասարակ, չեմ կարծում, թե մոտ ժամանակահատվածում Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում հնարավոր է առաջընթաց արձանագրվի, բայց եթե լինի այդպիսի սցենար, այդ դեպքում նոր խորհրդարանը որոշակի դերակատարություն կունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այս փուլում Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խորհրդարանի դերը մեծ նշանակություն չի ունենա։ Ինչ վերաբերում է մեկ մարդու որոշմամբ քվեարկություններին, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց հետևյալը. «Դա ավելի գլոբալ հարց է։ Նիկոլ Փաշինյանը դեռ ՀՀԿ-ի կողմից ընդունված սուպերվարչապետության շրջանակներում է գործում, բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում, «Իմ քայլը» դաշինքի ներսում անդամների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը զուգահեռ, տեղի կունենան վերադասավորումներ, և իշխանությունը կախված չի լինի մեկ մարդու հեղինակությունից ու որոշումներից»։
Այստեղ, ըստ մեր զրուցակցի, կարևոր է քաղաքական կամքը։ «Թե ինչքանով նոր իշխանությունները կհետևեն նախկինների ուղեգծին և ինչքանով կկարողանա ավելի ժողովրդավարական ավանդույթներ հիմնադրել ու պահպանել։ Այստեղ կարևոր է նաև ժամանակի ընթացքում իշխանությունների մոտեցումը իշխանափոխության հետ կապված։ Եթե մենք հիշում ենք՝ նախորդ իշխանությունը ամեն գնով փորձում էր պահպանել իշխանությունը, և ընտրությունների միջոցով հնարավոր չէր իշխանություն փոխել, բայց եթե հնարավոր լինի փոխել Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և ստանալ այնպիսի օրենսդրական դաշտ, որի դեպքում իշխանության փոփոխման գործընթացը ընտրությունների միջոցով կլինի ռեալ, կարծում եմ՝ այդ դեպքում թե՛ ղարաբաղյան հարցում և թե՛ մնացած հարցերում իշխող թիմի ներսում կլինի ընդդիմություն, և մարդկանց ինչ-որ խումբ, որը կկարողանա ռեալ որոշումներ արտադրել ու դրանք իրացնել արդեն խորհրդարանի մակարդակով»,- եզրափակեց նա։
ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ևս այժմ կա մեկ ուժի իշխանություն, և որոշումների կայացման արդյունավետության հետ կապված կան որոշակի մտահոգություններ։ «Նոր խորհրդարանն առայժմ որևէ կերպ ցույց չի տվել, որ կարող է գործող մարմին դառնալ։ Նախորդ խորհրդարանում կային տարբեր ուժեր, բայց երբ պահը գալիս էր կարևոր որոշումներ ընդունելուն՝ հիմնականում Ռուսաստանի հետ կապված, բոլորը մոռանում էին՝ ով են ու միաձայն որոշում ընդունում, հիշում եք այն ժամանակ կար ՀԱԿ-ը և այլ ուժեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանի դիտարկմամբ՝ մոտավորապես նույն ոճով է աշխատելու նաև այս խորհրդարանը. «Կոնկրետ ղարաբաղյան հարցի շուրջ դեռ նոր-նոր ձևավորվում է արտգործնախարարության դիրքորոշումը, տարիներ շարունակ այդ դիրքորոշումը հստակ չի եղել։ Դեկտեմբերից սկսած, այդ դիրքորոշման հստակեցում եմ նկատում, իսկ թե խորհրդարանում ինչ դիրքորոշում կլինի՝ առայժմ պարզ չէ»։
Քաղաքագետը նշում է՝ ղարաբաղյան հարցում կարևոր է առհասարակ դիրքորոշում ունենալը։ «Ղարաբաղյան հարցը մի քանի անգամ փորձել են դնել խորհրդարանում քննարկել, բայց խորհրդարանականները չէին էլ գնում, չէին էլ քննարկում, փախչում էին։ Հիմա ես չգիտեմ՝ այս գումարման խորհրդարանը գոնե կքննարկի՞, որ տեսնենք՝ կարծիքներ կա՞ն, թե՞ առհասարակ բացակայում են»,- եզրափակեց Մանվել Սարգսյանը։
Լուսանկարը՝ panorama.am-ի







































