Մայամիում կինը շահել է 21.5 միլիոն դոլարի դատական հայցն ընդդեմ հյուրանոցի, որտեղ աշխատել է որպես աման լվացող, հաղորդում է The Washington Post-ը:
Բազմազավակ մայր, 60-ամյա Մարի Ժան Պիերը, յոթ տարի աշխատել է Conrad Miami հյուրանոցում՝ որպես աման լվացող: Կինը նախապես զգուշացրել է, որ կրոնական պատճառներով կիրակի օրերը չի կարող աշխատել, քանի որ եկեղեցի է հաճախում:
Հյուրանոցի ղեկավարությունը չի ցանկացել խաղաղ ճանապարհով լուծել հարցը և մի քանի անգամ Մարի Ժան Պիերին կիրակի օրը հերթափահություն են նշանակել: Կինը չի ներկայացել աշխատանքի և բացակայության պատճառով հեռացվել է աշխատանքից:
Վեց երեխաների մայրը չէր կարող իրեն թույլ տալ աշխատանքը կորցնել և արդարության հասնելու համար դիմել է դատարան: Արդյունքում, դատարանը պարտավորեցրել է հյուրանոցին Մարի Ժան Պիերին 21.5 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ծանր ապրումների, աշխատավարձի և բարոյական վնասների համար:
Կինը խոստովանել է, որ նպատակը փողը չի եղել. նա պարզապես արդարություն է փնտրել:










































