ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է որ վճարել է 2014-2015-ին առցանց հարցումները հօգուտ Թրամփի կեղծելու համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ ի պատասխան The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածի, որտեղ ասվում է, որ Քոենն առնվազն 12 հազար դոլար է վճարել հարցումները կեղծելու համար:
«2014-ին Քոենը վճարել է բիզնես առաջնորդների վերաբերյալ հարցումները կեղծելու համար, 2015-ին՝ հանրապետական կուսակցության թեկնածուների: Երկու դեպքում էլ Թրամփը հասարակության կարծիքով առաջատար չէր»,-ասվում է նյութում:

Պարբերականի տվյալներով՝ Քոենը նախ ծրագրավորողին խոստացել է 50 հազար դոլար վճարել:
Սպիտակ տան ղեկավարի նախկին փաստաբանը գրել է, որ գործել է Թրամփի ցուցումներով և ափսոսանք հայտնել իր նվիրվածության համար մարդուն, որը «վստահության արժանի չէ»:









































