Friday, 19 06 2026
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Հայաստանի տնտեսական զարգացման ուրվագիծը Ներառական զարգացման համաթվի տիրույթում

Ջուլիետա Թադևոսյան

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Բոլոր ժամանակներում տնտեսագետների հետաքրքրությունների շրջանակում է եղել այն հարցը, թե ինչպես գնահատել երկրի տնտեսական զարգացման մակարդակը, միջազգային համեմատություններում ինչպիսի ցուցանիշներ կիրառել:

Այս հարցադրումների շրջանակներում անդրադառնանք այն նոր մոտեցումներին, որոնք հնչեցին Դավոսյան վերջին՝ Համաշխարհային տնտեսական  համաժողովում[1], /այսուհետ՝ ՀՏՀ/:

Ի՞նչ նոր գաղափարներ ու մոտեցումներ առաջարկվեցին ՀՏՀում

Համաշխարհային տնտեսության մեջ երկրները տարբերվում են իրենց տնտեսական զարգացման մակարդակով: Բնականաբար, համաշխարհային տնտեսության զարգացման հետագիծն ուղղորդող իրավասու միջազգային կազմակերպությունները մշակել են երկրների տարբերակման և դրանց տնտեսությունների միջազգային համադրումների տարբեր ցուցանիշներ: Մինչ այժմ առավել ընդունելի ու կիրառելի ցուցանիշը ՀՆԱ-ն է: Չնայած վերջին տարիներին մշակվեցին նոր ցուցանիշներ՝ օրինակ, Երջանկության համաթիվը, Մարդկային զարգացման համաթիվը և այլն, այդուհանդերձ, դրանք պարզապես լրացրեցին «ավանդական» ՀՆԱ-ի ցուցանիշը, և միջազգային կազմակերպությունների կողմից դարձյալ առավել ամբողջական ու իրատեսորեն չբնութագրվեցին առանձին երկրների զարգացման հաջողությունները:

Այս համատեքստում վերջին երկու տարում Դավոսյան համաժողովում առաջարկվում է համաշխարհային տնտեսության մեջ երկրների միջազգային համադրումների նոր ցուցանիշ՝ Ինկլյուզիվ զարգացման համաթիվը[2] կամ Ներառական զարգացման համաթիվը (այսուհետ՝ ՆԶՀ):

ՆԶՀ-ը ներառում է 3 ենթախմբերում ընդգրկված 12 ցուցանիշներ[3]: Մասնավորապես, նշենք բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, տնային տնտեսությունների միջին եկամուտները, աղքատության մակարդակը, պետական պարտքը (մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում), ածխաթթու գազի արտանետումները՝ ՀՆԱ 1 դոլարի հաշվով և այլն:

Վերոնշյալ ցուցանիշների նույնիսկ հպանցիկ դիտարկումը թույլ է տալիս արձանագրել, որ միայն գերհզոր արտադրական կարողությունները չէ, որ որոշում են երկրի զարգացման իրատեսական պատկերը: Եվ, թերևս, դա է պատճառներից մեկը, որ Դավոսյան համաժողովում ներկայացված ՆԶՀ-ի վերաբերյալ զեկույցում աշխարհի զարգացած 30 երկրների շրջանակում ԱՄՆ-ը՝ տնտեսապես այդ հզոր երկիրը, գրավում է 23-րդ հորիզոնականը՝ արտաքին պարտքի ծավալների, նաև հարստության բաշխման անհավասարության, կյանքի կարճ տևողության պատճառներով:

Այս տեսանկյունից առավել արդարացված է արևմտաեվրոպական երկրների զարգացման փորձը: Վերը հիշատակված զեկույցում զարգացած երկրների առաջին տասնյակում եվրոպական 9 երկրներ են՝ Նորվեգիայի գլխավորությամբ, միայն 9-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ավստրալիան: «Մեծ յոթնյակի» երկրներից առաջատարը դարձյալ եվրոպական երկիր է՝ Գերմանիան: Հավուր պատշաճի նշենք նաև, որ զարգացող երկրների մեջ դարձյալ առաջին տասնյակում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 5 երկրներ են[4]՝ Լատվիայի գլխավորությամբ: Սա իրողություն է, և հարկ է հաշվի առնել եվրոպական արժեքները:

Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը[5]՝ գործազրկության բարձր մակարդակի, եկամուտների անհավասարաչափ բաշխման, խնայողությունների նվազագույն մակարդակի, ՀՆԱ-ում ածխաթթու գազի մեծ չափաբաժնի, արտաքին պարտքի ցուցանիշներով: Սա նույնպես իրողություն է, և հարկ է այն նույնպես հաշվի առնել:

Արդ, միջազգային կառույցների կողմից շրջանառության մեջ դրված ՆԶՀ ցուցանիշը որքանո՞վ է իրատեսական, և որքանո՞վ  են համապատասխան եզրահանգումները երկրների կառավարություններին արդյունավետ որոշումներ կայացնելու հնարավորություններ  հուշում: Կարծում ենք՝ մասնագետները համամիտ են այն մոտեցմանը, որ ՆԶՀ-ը նույնպես կատարյալ և ամփոփ ցուցանիշ չէ: Այդուհանդերձ, այն ներառում է երկրի տնտեսական զարգացումն առավել ամբողջական արտահայտող ցուցանիշներ, որն անվիճելի է: Այս համատեքստում փորձենք ներկայացնել Հայաստանի տնտեսության հեռանկարային զարգացման ուրվագծերը:

Հայաստանի տնտեսության հեռանկարային զարգացման ուրվագծերն ըստ ՆԶՀ-ի

Նախ շրջանցել չենք կարող երկրի տնտեսական աճը, մասնավորապես բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը:

2007-2017թթ. ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն[6] տարեկան միջին հաշվով ավելացել է 113.2 ԱՄՆ դոլարով կամ 3.5%: Եթե նկատի ունենանք բնակչության արտագաղթն այդ տարիներին, ապա անխոս ականատեսն ենք այն իրողության, որ թեև դանդաղ, բայց արձանագրվող տնտեսական աճն իրոք ներառական չէ: Ո՞րն է մարտահրավերը:

Համաշխարհային տնտեսության մեջ տնտեսական աճի միակ և այսօր արդարացված գործոնը՝ տեխնոլոգիաներն են: Աշխարհը մտնում է մի նոր՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության[7] մեջ, զարգացող երկրների տնտեսությունները հայտնվել են կառուցվածքային անհապաղ փոփոխությունների շեմին, վերաարդյունաբերականացումն այլևս անխուսափելի է: Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ տնտեսությունը ևս այդ իրողությունների տիրույթում է: Գործնականում նոր տեխնոլոգիաները գիտահետազոտական աշխատանքների գեներացման արդյունք են:

Առկա վիճակագրությունը վկայում է, որ ՀՀ ՀՆԱ-ի մեջ գիտահետազոտական աշխատանքների ծավալի մասնաբաժինը 2007-2017թթ.-ին[8] գրեթե չի փոփոխվել, այն համապատասխանաբար կազմել է 0,15 % և 0,18 %: Մինչդեռ նույն տարիներին ՀՀ ՀՆԱ-ն ավելացել է 2330.5 մլն ԱՄՆ դոլարով: Ավելին, արձանագրենք այն իրողությունը, որ գիտահետազոտական աշխատանքներն իրենց ամբողջ ծավալով շուկա չեն մտնում, այսպես կոչված տեխնոգեներացիայի ցուցանիշը 2017թ. կազմել է 0,88: Դա նշանակում է, որ երբ համեմատում ենք դրական որոշում ստացած արտոնագրերի աճի տեմպը նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ում գիտահետազոտական աշխատանքների մասնաբաժնի աճի տեմպերի հետ, ապա  նկատում ենք, որ տեխնոգեներացման գործընթացը  ՀՀ տեխնոլոգիաների շուկայում դրսևորել է բացասական միտում (աճի տեմպերի առաջանցման գործակիցը չի գերազանցել մեկը):

Նման իրավիճակում ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման տեսանկյունից անառարկելի է գիտության ոլորտի ֆինանսավորման վերանայումը, տեխնոլոգիաների շուկայի խթանման նոր գործիքների ներդրումը՝ դրանց նախագծումից մինչև առևտրայնացում և տրամաբանորեն՝ ՀՆԱ ծավալների ավելացման խթանումը և դրանով պայմանավորված՝ մակրոտնտեսական կայունության  բարելավումը:

Մեր կարծիքով՝ ՆԶՀ-ի ցուցանիշների ենթախմբում ոչ պակաս կարևորություն ունի նաև աղքատության մակարդակը: Այս ցուցանիշը տնտեսության ներառականության թերևս հիմնաքարն է: 2007-2017թթ. ընթացքում ՀՀ-ում աղքատության մակարդակը[9], չնայած էական տատանումներին, կրճատվել է ընդամենը 0,7%-ով: Դարձյալ առաջընթաց չենք նկատում, և փաստենք արտագաղթը, ոչ ներառական տնտեսական աճը, գործազրկության բարձր մակարդակը և այլն: ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման տիրույթում աղքատության վերացումը ևս մեկ հրամայական է, ինչը պահանջում է նոր աշխատատեղերի ստեղծում, պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունների  վերանայում, կրթական համակարգի վերակառուցում, գործարարության խթանում հատկապես փոքր և միջին գործարարության ոլորտում:

Եվ, վերջապես, ՆԶՀ-ի ցուցանիշների համակարգում, կարծում ենք, ամենավտանգավոր խոչընդոտը ստեղծում է արտաքին պարտքի հիմնախնդիրը: 90-ականների սկզբից մինչև 2008թ., ավելի քան երկու տասնամյակ, պետական պարտքը դրսևորել է աճի դանդաղ միտումներ, մասնավորապես զրոյական պարտքի բեռից 1991թ. մինչև 1577.1 մլն ԱՄՆ դոլար 2008թ.: Մինչդեռ հաջորդ 9 տարիների ընթացքում՝ 2008-2017թթ., բացարձակ մեծությամբ միայն կառավարության պարտքը գրեթե քառապատկվել է՝ 1.052.6 մլն ԱՙՄՆ դոլարից[10] հասնելով 4893.364 մլն ԱՄՆ դոլար[11], կազմելով ՀՆԱ-ի 42,4%-ը: 2019թ. այն կկազմի ՀՀ ՀՆԱ-ի 49,8%-ը[12]:

Մտահոգությունն այն է, որ պարտքի բեռը պետական բյուջեի և տնտեսության վրա սկսում է ավելի շոշափելի ազդեցություններ ունենալ: Եվ միաժամանակ անհանգստացնող է այն, որ մոտակա տարիներին շարունակվում է ՀՀ կառավարության ընթացիկ պարտքի ծավալների աճը:

Իսկ ինչպիսի՞ն է պարտքի մարումների հետագիծը: Մինչև 2009թ. ՀՀ պետական պարտքի մարումներն անհանգստացնող չէին, քանի որ դեռևս մեծ էր արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը պարտքի պորտֆելում: Սակայն, երբ Հայաստանը համարվեց միջին եկամտով երկիր, անհամեմատ կկրճատվեն Համաշխարհային բանկի կողմից տրվող արտոնյալ վարկերի ծավալները, և արդյունքում ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կսկսի աճել: Ուստի, տրամաբանորեն, սպասարկումների հետագիծը նույնպես վերընթաց է. 2020թ.-ին[13] դրանք համապատասխանաբար 2,5 անգամ կգերազանցեն 2017թ. մակարդակը:

Այս ամենին հավելենք, որ պարտքային պարտավորությունների բեռը «հաղթահարելու» նպատակով 2013թ. ՀՀ կառավարությունը թողարկեց նոր պարտքային գործիք՝ եվրապարտատոմսերը, 7 տարի մարման ժամկետով, 700 մլն ամերիկյան դոլարի չափով: Կառավարությունը մինչև 2020թ. դրանց դիմաց տարեկան 30 մլն ԱՄՆ դոլար տոկոս է վճարելու, իսկ արդեն 2015թ. թողարկված պարտատոմսերի դիմաց ՀՀ կառավարությունը մինչև 2025թ. տարեկան վճարելու է 35.25 ԱՄՆ դոլար տոկոս: Կնշանակի, որ 2013թ. և 2015թ. ներգրաված միջոցները թանկ են և ևս մեկ լրացուցիչ բեռ են բյուջեի համար: Այսինքն, ՀՀ կառավարության պարտքը թանկանում է: Եվ պատահական չէ, որ պարտքի մարման հետ կապված «սպասումները» 2020թ. և 2025թ. հոռետեսական են: Սպասարկվելու են ոչ միայն երկարաժամկետ վարկային պարտավորությունները, այլ նաև եվրապարտատոմսերը:

Ասվածին հավելենք, որ համաշխարհային տնտեսության մեջ դեռևս ոչ մի երկիր իր տնտեսական հիմնախնդիրները չի լուծել պարտքի միջոցով: Հակառակ դեպքում, իհարկե, այլ հարց է դրանց առկայությունն ու միջոցների արդյունավետ օգտագործումը:

Որտե՞ղ ենք մենք, և որո՞նք են Հայաստանի հեռանկարային զարգացման հրամայականները

Այսպիսով, միջազգային տնտեսական կառույցների կողմից երկրների տնտեսական զարգացման մակարդակը գնահատող նոր ցուցանիշը՝ ՆԶՀ-ը, չնայած իր տարակարծիք ընկալումներին, պարունակում է երկրների տնտեսությունների համեմատական վերլուծությունների նոր մոտեցումներ, որոնք կարող են ազգային տնտեսությունների  հեռանկարային զարգացումների ուրվագծերը նշմարել և դրանով իսկ երկրների կառավարություններին ուղղորդել մշակելու տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան հաղթահարել ճգնաժամային իրավիճակները և ներառվել գլոբալ զարգացումների մեջ՝ միաժամանակ չանտեսելով երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը միտված քայլերը:

Մեր կարծիքով՝ ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման ուրվագծերում առավել կարևորվում են.

  • տնտեսական աճի թեև դանդաղ, սակայն կայուն, ներառական և վերընթաց տեմպերի պահպանումը,
  • աղքատության մակարդակի կրճատումը,
  • գործարարություն-գիտություն փոխառնչությունների զարգացումը,
  • ՀՀ ՀՆԱ-ում գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծավալների ավելացումը և առաջնահերթությունների որոշումը,
  • ՀՀ տեխնոլոգիաների շուկայի օրենսդրական դաշտի վերանայումը և գործուն տնտեսական մեխանիզմի մշակումն ու ներդրումը,
  • ՀՀ պետական պարտքի արդյունավետ կառավարումը՝ սպառնալիքների չեզոքացման և հետագա տարիներին փոխառու ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման պահանջով:

ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման համատեքստում ՆԶՀ-ի տիրույթից բխող վերոնշյալ ուրվագծերը փոխադարձաբար կապված են, և դրանց հաղթահարմանն ուղղված կառավարության որոշումներն ու իրականացվող տարաժամկետ ծրագրերը կարող են Հայաստանի տնտեսությանը հաղորդել ներառական զարգացման միտումներ և դրանով իսկ ապահովել ազգային տնտեսական անվտանգության երաշխավորված հեռանկարներ:

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

—————————————————————————

[1] ՀՏՀ-ի պաշտոնական կայք, 26.12.2018թ.

[2] Համաշխարհային տնտեսական ֆորում, «Ներառական զարգացման ինդեքս» 2018 զեկույց, 26.12.2018թ.

[3] «Ներառական զարգացման ինդեքս» 2018 զեկույց, էջ 2, 26.12.2018թ.

[4]  Նույնը, 26.12.2018թ.

[5]  Նույնը, 26.12.2018թ.

[6] Հայաստանի ազգային հաշիվները, 2018, Հայաստանի ազգային հաշիվները, 2014, 26.12.2018թ.

[7] Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն. ի՞նչ  է այն նշանակում և ինչպե՞ս արձագանքել, 26.12.2018թ.

[8] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018,  Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2012, 26.12.2016թ.

[9] Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017, 26.12.2018թ.

[10] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թվականի հունվար-նոյեմբերին, 28.12.2018թ.

[11] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվարին, 28.12.2018թ.

[12]ՀՀ Ֆինանսների նախարարություն, 2019թ. փոխառությունների ծրագիր, 29.12.2019թ.

[13] ՀՀ կառավարության որոշում, 6.07.2017թ.  N 818, 28.12.2018թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում