Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը մոդելագործ Իվ Սեն-Լորանի մահից ավելի քան 10 տարի անց որոշել է աճուրդի հանել անձամբ կուտյուրիեի կողմից մակագրված հագուստների իր հավաքածուն, որոնց մի մասը նա ստեղծել Է հատուկ Դենյովի համար:
Դերասանուհին խոստովանել է, որ որոշել է իրերն աճուրդի դնել այն պատճառով, որ հնարավոր չէ ապահովել դրանց խնամքը: «Դրանք ճիշտ պահպանելու համար շատ տեղ է պահանջվում: Ես վաճառել եմ իմ տունը Նորմանդիայում, որտեղ դրանք ձեղնահարկում պահում էի հատուկ ջերմաստիճանի պայմաններում: Ես դրանք այլևս չեմ հագնում»,- պարզաբանել է Դենյովը:
Աճուրդները կսկսվեն հունվարի 24-ին՝ Փարիզում կազմակերպվող բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում:
![]()
Christie՚s աճուրդների տան կայքում զետեղված նկարագրության համաձայն, հավաքածուն, որը ներառում է ավելի քան 330 զգեստ, մասամբ վաճառվելու Է «Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվելիք «կենդանի» աճուրդներում, իսկ հագուստների մեծ մասը կիրացվի ինտերնետ-աճուրդում:
Նախքան գնորդները դրանք կտեղավորեն իրենց հավաքածուներում, զգեստները, կանանց կոստյումները, վերարկուները և տարբեր աքսեսուարներ հունվարի 18-ից համընդհանուր դիտման կդրվեն Մատինիոն փողոցում գտնվող աճուրդների տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































