Խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան»-ի և ԲՀԿ բանավեճը կամ բախումը, որ տեղի ունեցավ ԲՀԿ արձագանքի հետևանքով, ինքնին լինելով լոկալ միջադեպ, այդուհանդերձ, բավականին բնորոշեց խորհրդարանական քաղաքական ներկապնակի տրամաբանությունն ու դրանում ԲՀԿ դերակատարումը: «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներից մեկը, որ աշխատել է Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական, բավականին բուռն արձագանքեց այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը բարձրաձայնեց արտերկրում Հայաստանի դեսպանների խնդիրը, դրանց նշանակման սկզբունքի հարցը, ի թիվս մի քանի դեսպանների մատնացույց անելով նաև ոչ պրոֆեսիոնալ դիվանագետ Անդրանիկ Մանուկյանին, ու նաև հայ-ուկրաինական, մեղմ ասած, ոչ բարվոք հարաբերությունը նրա պաշտոնավարման շրջանում:
Ակնառու է, որ խնդիրը քաղաքական գնահատականի հարթության վրա է, որտեղ և կարող էր լինել պատասխանը՝ հերքելով, որ դեսպանը եղել է անարդյունավետ: Ի վերջո, ամբողջ աշխարհում էլ դեսպանների նշանակման դեպքում երբեմն կիրառվում է զուտ քաղաքական սկզբունք, նշանակելով ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների: Այստեղ հակափաստարկը կարող էր և պետք է լիներ քաղաքական տրամաբանության համատեքստում: Դրա փոխարեն մեջտեղ բերվեց «ադրբեջանական ջրաղացի» արդեն տարիներ ի վեր մաշեցված տրամաբանությունը, թե հարցադրումը ադրբեջանական քարոզչական «թեզերն» է կրկնում: Այսինքն՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի պատգամավորը փաստորեն Ադրբեջանին տալիս է բավականին լավ գաղափար՝ ինչպես կառավարել Հայաստանի քաղաքական դաշտն ու կյանքը, ինչպես վերահսկել, թելադրել այն, օրակարգը, թեմաները և այլն: Բավական է, որ Ադրբեջանից հնչեն որոշակի «թեզեր», որպեսզի Հայաստանում փաստորեն արգելակվեն քաղաքական կարևոր թեմաներ ու հարցադրումներ, քանի որ դրանց բարձրացնողներին անմիջականորեն հնարավոր կլինի մեղադրել «ադրբեջանական թեզերը» կրկնելու համար:
Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի պատգամավորը փաստորեն Ադրբեջանին տալիս է Հայաստանի խորհրդարանի և ընդհանրապես քաղաքական գործընթացի կառավարման «հիանալի» բանաձև: Մնում է, որ Ադրբեջանում որոշեն՝ իրենք ինչն են ուզում, որ Հայաստանում քննարկվի, իսկ ինչը՝ ոչ: Կրկնենք, որ այդ գործոնը բավականաչափ մաշված է, բայց, փաստորեն, դեռևս կիրառելի: Տարիներ շարունակ այն կիրառում էր իշխանությունը՝ նախորդ իշխող համակարգում, և փորձեց կիրառել մինչև վերջ, նույնիսկ թավշյա հեղափոխությունից որոշ ժամանակ անց էլ: Եվ այստեղ իհարկե առաջանում է հարց՝ արդյո՞ք այժմ կիրառման «էստաֆետը» ԲՀԿ-ն չի ստանձնում հենց այդ համատեքստում, այսինքն՝ նախկին իշխող համակարգի շահի: Որովհետև, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հենց այդ համակարգում ձևավորված առանցքային ուժ է, քանի որ այդպիսի զորեղ միավորներ կարող էին սերվել միայն համակարգից՝ մնացյալ բոլոր այդպիսի փորձերը համակարգը խեղդում էր կամ օրորոցում, կամ Մյասնիկյանի անվան հրապարակում: Այստեղ է, որ ընդլայնվում են տեղի ունեցածի սահմանները՝ լոկալ միջադեպից ստանալով արդեն ներքաղաքական լայն բնույթ, քանի որ արտացոլվում է խորհրդարանի քաղաքական օրգանիզմի խնդիրը: «Բարգավաճ Հայաստանը», փաստորեն, հին մեթոդներով և տրամաբանությամբ, հին «թեզերով» զբաղվում է հին համակարգի պաշտպանությամբ, ու թեև այս դեպքում ամեն ինչի կենտրոնում անձն է, այդուհանդերձ, առնվազն առաջանում է հարց՝ արդյո՞ք նույն գործառույթը չի կրկնվելու երևույթների դեպքում: Մյուս կողմից, սա կարող է նաև բավականին լավ ֆոն լինել «Իմ քայլը» մեծամասնության և «Լուսավոր Հայաստան»-ի համար, որոնք ԲՀԿ այդ հնարավոր վարքագծի ֆոնին ստանում են քաղաքական նոր որակներն առավել ընդգծելու հնարավորություն, ինչն իրականացնելու պարագայում «Բարգավաճ Հայաստանը» ստիպված պետք է լինի կամ համարժեք դառնալ դրան՝ հաջորդ խորհրդարանում և ընդհանրապես քաղաքական կյանքում տեղի շանսը պահպանելու համար, կամ հին համակարգի «լիազոր ներկայացուցչի» դերում բացվել ամբողջությամբ և վերջնականապես:
Այդ իմաստով, առաջին հայացքից կարող է թվալ միայն, որ ԲՀԿ-ն հայտնվել է բուֆերի իր համար, այսպես ասած, սովորական դերում: Իրականում ԲՀԿ-ն ներկայումս հայտնվել է երկկողմ ճնշման արանքում, և ԱԺ աշխատանքի բնականոն ընթացքին զուգահեռ այդ ճնշումն ավելի է ուժգնանալու, քանի որ բնականոնությունը նոր խորհրդարանի պարագայում պետք է ենթադրի թե՛ «Իմ քայլը» և թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններում ներկայացված քաղաքական պաշարի ամբողջական դրսևորումով:








































