Այսօրվանից մինչև հունվարի 24-ը Արցախում տեղի կունենա ՀՅ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:
ՀՅԴ ավանդույթներն ըստ էության մնում են անփոփոխ։ Չնայած Հայաստանի օրենսդրությունն արգելում է կուսակցական դռնփակ համագումարների անցկացումը, սակայն ՀՅԴ Ընդհանուր ժողովի միայն մեկնարկն է լինելու դռնբաց։ Մյուս կողմից՝ նման գործելաոճը զարմանալի չէ մի կուսակցության համար, որը նույնիսկ 21-րդ դարում շարքերը համալրում է զենքի վրա երդումով։
Ֆորմալ առումով ՀՅԴ-ն հայաստանյան կուսակցություն է, սակայն ինչպես տեսնում ենք՝ իր Ընդհանուր ժողովն անցկացնում է Արցախում, զուտ իրավական առումով՝ Հայաստանի սահմանններից դուրս, ինչը դարձյալ օրենքի խախտում է։
Սակայն այս պարագայում շատ ավելի ուշագրավ է փաստի քաղաքական բաղադրիչը։ Հայաստանում իշխանության կարգավիճակից զրկվելուց հետո կուսակցության քաղաքական ուղերձն ըստ էության այն է, որ նա «օտարվում» է հայաստանյան քաղաքական իրականությունից։ Մյուս կողմից՝ Արցախի հանդեպ «հատուկ» վերաբերմունքը թերևս բացատրվում է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ում իշխանության ղեկին տակավին այն ուժերն են, որոնք ակնհայտորեն ինտեգրված էին հայաստանյան հին համակարգին, այլ խոսքով՝ հոգեհարազատ են ՀՅԴ-ին։ Համենայնդեպս, տեսանելի չէ, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովն անցկացվում է Արցախում վերջինիս վերաբերյալ դարակազմիկ որոշումներ ընդունելու մոտիվով։
Ավելորդ չէ նշել, որ 33-րդ Ընդհանուր ժողովն իրապես պատմական է ՀՅԴ-ի համար։ Վերջին քսան տարիներին առաջին անգամ ՀՅԴ-ն ներկայացված չէ Հայաստանի խորհրդարանում, ու վստահաբար կարելի է պնդել, որ Ընդհանուր ժողովում քննարկվելու է ոչ թե վերջին չորս, այլ առնվազն քսան տարիների կուսակցական գործունեությունը։
Ավանդական կուսակցությունը կանգնած է պատմական սահմանագծի վրա, ինչը, դատելով մամուլում պարբերաբար հայտնվող արտահոսքերից, որոշակի ներքին խմորումներ է առաջացրել անգամ ՀՅԴ ներսում՝ հակադրություն ստեղծելով դրա տարբեր սեգմենտների միջև։
Հրանտ Մարգարյանի ղեկավարած Բյուրոյի գործունեության հետևանքով անցած քսան տարիներին ՀՅԴ-ն հետևողականորեն կորցրել է իր քաղաքական ինքնաբավությունը՝ ինտեգրվելով քրեաօլիգարխիկ համակարգին, ավելի ստույգ՝ դառնալով դրա քաղաքական ցուցանակներից մեկը։ Միանգամայն տրամաբանական էր, որ հին համակարգի կազմաքանդումից հետո ՀՅԴ-ն ֆիասկո ապրեց Երևանի ավագանու և Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում։ Սա հասարակության գնահատականն էր ՀՅԴ ղեկավարության վերջին երկու տասնամյակների գործունեությանը, մյուս կողմից՝ ՀՅԴ-ն ունի պատմություն, քաղաքական ավանդույթներ, համակարգ, ինչի շնորհիվ կարող է ռեբրենդինգի ենթարկվել՝ նոր օրակարգով հանրությանը ներկայանալու համար։
Ընդ որում՝ ՀՅԴ-ի նորացման կամ մոդեռնիզացիայի շարժումը պետք է մեկնարկի հենց այսօր՝ մեկնարկող Ընդհանուր ժողովում, իսկ դրա համար կուսակցությունն առաջին հերթին պետք է կարողանա իր ներսում իրականացնել, այսպես ասած, հեղափոխություն՝ իշխանությունից հեռացնելով այն մարդկանց, որոնք հետևողականորեն սպանել են կուսակցությունը՝ նրան նույնացնելով քրեաօլիգարխիայի հետ։
Լուսանկարը՝ Photolure-ի











































