Հունվարի 11-ին փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմական շենքի վթարված պատը. այս հուշարձան-շենքում էր տեղակայված նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Նախկին իշխանությունները թույլ էին տվել շենքի հարակից տարածքում կառուցապատման աշխատանքներ կատարել և քանդել բնահողը, հսկայական փոս փորել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» համույթի գեղարվեստական ղեկավար և երգչախմբի գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը հայտարարեց, որ այդ շենքը հնարավոր էր փրկել, բայց ոչինչ չարվեց այդ ուղղությամբ. «Այդ մասին հայտարարել են բոլոր մասնագետները, ովքեր գեթ մեկ անգամ մտել են այդ տարածք: Բոլորը միաբերան առաջարկում էին շենքի պատի ամրացում իրականացնել: Նշում էին, որ պետք է նաև հիմքն ամրացնել, քանի որ փորվել էր նորմերին ոչ համապատասխան: Այդ մասին էր ասում նաև քաղաքի գլխավոր ճարտարապետը»:
Տ. Հեքեքյանի խոսքով՝ եթե կատարված շինարարական աշխատանքների ժամանակ չխախտվեին, պահպանվեին քաղշինարարության օրենքները, նորմերը, ապա պատմամշակութային այդ շենքը չէր փլուզվի: Հեքեքյանի կարծիքով՝ դրանում մեղավոր են Երևանի քաղաքապետարանը, որը թույլատրել է շենքի հարակից տարածքում շինարարություն իրականացնել, նաև «Հին Երևան» նախագծի նախագծող Լևոն Վարդանյանը, ինչպես նաև որոշ պատասխանատուներ, որոնք ընկել են այդ «սարդոստայնի» մեջ:
«Ճարտարապետական մաֆիան պետք է վերջապես թոշակի գնա»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































