Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Մանե Թանդիլյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տարակուսում է. «Ի՞նչ է նշանակում առավոտից քննարկումը բերել անձնական դաշտ»:
Նրա խոսքով՝ իրենց գործընկերները կարծես դեռ չեն թոթափվել նախընտրական թոհուբոհից՝ փորձելով հասարակությանը համոզել, թե ամենաերդվյալ ընդդիմությունն իրենք են. «Հարգելիներս, ընդդիմության հարցը հստակ լուծված է ՀՀ օրենքով: Պետք չէ նոր հեծանիվ ընտրել: Լավ եք արել՝ առաջադրվել եք, ձեր սահմանադրական իրավունքն է: Մենք էլ օգտվել ենք մեր սահմանադրական իրավունքից: Թողեք՝ Ազգային ժողովը որոշի: Հիմա ժողովուրդը կասի՝ էլի ընդդիմություն-դիմություն խաղից չպրծա՞նք»:
Նա կոչ արեց նոր մրցավազք չսկսել, թե ով է ավելի ընդդիմադիրը. «Որևէ լուրջ բան չկա, հանուն որի մեզ լուրջ պատերազմ եք հայտարարել»:
Գևորգ Պետրոսյանը նկատեց. «Ես իմ պատգամավորության գործունեության ընթացքում չեմ նկատել խմբակցությունների միջև այդպիսի խտրական վերաբերմունք, որ հարցերի քվեարկությունների ժամանակ անտեսեն մյուս պատգամավորներին և դիմեն միայն իշխող խմբակցությանը: Դուք գնդակահարում եք ժողովրդավարության սկզբունքը»:
Նրա խոսքով՝ իրենք չեն վերցնելու այդ կեղտոտ ձեռնոցը և տեղ չեն տալու ինտրիգներին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































