Յոթ-ութ ամիսների ընթացքում հնարավոր չէր նկատելի և շոշափելի քայլ կատարել, բայց այս ժամանակահատվածում հնարավոր էր կարևորագույն նպատակների մասին բարձրաձայնել և նշել այն ուղիները, որով պետք է առաջ տանենք մեր տնտեսությունը. ծրագրերի բացակայության պարագայում հասարակության մեջ և մասնագետների շրջանում առաջանում է հավատի կորուստ… Վստահության դեֆիցիտ է ստեղծվում: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Աժ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է իրականացնել տնտեսական հեղափոխություն:
Վ. Բոստանջյանը կարևորեց նաև երկրի անվտանգության հարցը. նրա խոսքով՝ երկրի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է համակողմանի՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական զարգացում: «Իշխանության բոլոր թևերը պետք է լծվեն երկրի առաջընթացն ապահովելու հրամայականին»,- նշեց մեր զրուցակիցը հավելելով՝ փոքր երկիր ենք, պետք է ոսկերչական մոտեցում ցուցաբերել՝ մաքսիմալ օգտագործելով երիտասարդ մասնագետների ներուժը:
«Բոլորիս կողմից ընդգծված ողջունվեցին 2018-ի ապրիլյան իրադարձությունները, բայց չենք կարող անդադար սպասել: Փաշինյանին կուզեի ասել՝ չի կարելի ատելությամբ և անձնական վրեժխնդրությամբ երկիր կառավարել: Առաջնորդը պետք է սիրի իր երկիրը, պետք է սիրի ժողովրդին, որ կարողանա առաջընթաց ապահովող ծրագրեր առաջ քաշել և պաշտպանել դրանց կենսագործումը»,- նշեց Վ. Բոստանջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































