«Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնում (ICSID) քննվող «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» (ICSID No. ARB/17/36) գործի վերաբերյալ սույն թվականի դեկեմբերի 12-ին Առաջին Լրատվականում հրապարակվել է «Խուդյանի հայցով վճարման որոշում՝ ԱՄՆ արբիտրաժային դատարանից» վերտառությամբ հոդված, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Վերոնշյալ հրապարակումով անձինք, արբիտրաժի կողմից գործի քննության շրջանակներում ովքեր անգամ չեն հանդիսանում կողմերի պաշտոնական ներկայացուցիչները ապատեղեկատվություն են տարածում գործի շրջանակներում կայացված որոշումների կապակցությամբ։
Պաշտոնապես հայտարարում ենք որ արբիտրաժային տրիբունալը դեռևս չի կայացրել որևէ որոշում, որով կարգավորվում են կամ որևէ կերպով քննարկվում են գործով դատական ծախսերի վճարումը կողմերից որևէ մեկի վրա դնելու հարցը։ Ավելին, Երկու, այսպես կոչված, որոշումները հանդիսանում են միջանկյալ հարցադրումների վերաբերյալ տրիբունալի կողմից կայացված ընթացակարգային որոշումներ (procedural order) որոնք, անգամ՝ տեսականորեն, չեն կարող ցույց տալ տրիբունալի վերաբերմունքը հայցադիմումի հիմնավորվածությանը։ Որևէ հանգամանք դեռևս ըստ էության չի քննվել կամ հաստատվել տրիբունալի կողմից։ Ավելին, ՀՀ Կառավարությունը դեռևս չի ներկայացրել իր առարկությունները ենթադրյալ խախտումների վերաբերյալ, որոնք կներկայացվեն տրիբունալի կողմից սահմանված ժամկետում։Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Կառավարությունը հակված է բոլոր ներդրողների հետ վեճերը բանակցությունների ճանապարհով լուծելուն։
Չընդունելով քննարկվող գործի շրջանակներում Հայցվորների կողմից ներկայացված ենթադրություններն առ այն, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ բարեխճորեն քննարկել հաշտության հնարավոր տարբերակները։ Անդրադառնալով հոդվածում տեղ գտած այն պնդմանը, որ պարոն Խուդյանի կողմից ներկայացված հաշտության առաջարկները իշխանությունների կողմից լսվել են միայն ձևական իմաստով՝ պետք է արձանագրել, որ Պարոն Խուդյանի կողմից դեռևս չի ներկայացվել հաշտության որևէ ողջամիտ առաջարկ, որը կողմերին թույլ կտար վարել հաշտության վերաբերյալ բանակցություններ:»
Հ.Գ. Արդարադատության նախարարության պատասխանը տպագրել ենք՝ ելնելով ոլորտը կարգավորող օրենքով նախատեսված կանոններից և լրագրողական էթիկայից, սակայն հարկ ենք համարում պատասխանի կապակցությամբ արձանագրել հետևյալը
Որևէ թեմա լուսաբանելիս պարտադիր չէ, որ տեղեկատվություն փնտրողը, տարածողը լինի տվյալ գործով կողմ, հատկապես, եթե խոսքը լրագրողի մասին է: Տեղեկատվություն տարածելը կարող է արգելվել կամ սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, եթե խոսքը օրինակ ազգային անվտանգության, ռազմական գաղտնիքի կամ հրապարակայնացման ոչ ենթակա այլ տեղեկատվության մասին է:
Ինչ վերաբերում է «ապատեղեկատվությանը», ապա թույլ տվեք՝ չհամաձայնել, քանի որ այն նախնական տեղեկատվություն է, և խնդրո առարկա հոդվածում խոսք անգամ չկա վերջնական դատական ակտի, այս կամ այն հանգամանքի հաստատման կամ հերքման անվիճելիության մասին: Հոդվածի հեղինակը և նրա զրուցակիցը չեն ժխտել, որ միջազգային դատարանի կայացարած երկու որոշումները՝ Էդմոնդ Խուդյանի շահերը ներկայացնող խմբի փաստաբաններից մեկին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու, սույն գործով հետագա բոլոր դատական ծախսերի վճարումը ՀՀ կառավարության վրա դնելու վերաբերյալ, հանդիսանում են միջանկյալ, տրիբունալի կողմից կայացված ընթացակարգային որոշումներ: Իսկ թե դրանք կարող են տեսականորեն, գործնականորեն կամ տրամաբանորեն ցույց տալ տրիբունալի վերաբերմունքը հայցադիմումի հիմնավորվածությանը, թե ոչ, ապա դա յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է. մարդը կարող է իր կարծիքը, տեսակետը հայտնել՝ եթե անհրաժեշտություն կամ ասելիք կա։
Բացի այդ, եթե ՀՀ Կառավարությունն իսկապես հակված է բոլոր ներդրողների հետ վեճերը բանակցությունների ճանապարհով լուծելուն՝ հաշտության ողջամիտ առաջարկի շուրջ, ապա առաջարկում ենք կառավարությանը /և իրավասու անձանց կամ նրանց ներկայացուցիչներին/՝ այս անգամ ինքնուրույն նախաձեռնել հաշտեցման գործընթացը, ներկայացնել «ողջամիտ առաջարկ» ասվածի՝ պետության տարբերակը, մեզ էլ հրավիրել այդ քննարկմանը կամ տեղյակ պահել գրավոր կարգով ու քայլերի ժամանակացույցով։
Հավատացեք՝ մենք սիրով կտեղեկացնենք հանրությանը կառավարության դրսևորած կոնկրետ ու կառուցողական քայլերի մասին:
Հարգանքով՝ Էլմիրա Մարտիրոսյան









































