Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ոգեշնչված տիեզերքի վերջին հետազոտություններից, Ամանորին կկատարի 20 տարվա ընթացքում առաջին սինգլը: Նրա ելույթը կկայանա ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) New Horizons ավտոմատ միջմոլորակային կայանի թռիչքների կառավարման կենտրոնում: Այդ մասին հայտնել Է Daily Express թերթը:
Երաժիշտը գրել է New Horizons կոմպոզիցիան, որպեսզի նշի այն պահը, երբ սարքը կհասնի Ultima Thule («Վերջնասահման») աստերոիդին, որը աստղագիտական կատալոգներում ներկայացված է որպես 2014MU69 օբյեկտ: Այդ երկնային մարմինը գտնվում է Երկրից 6,5 մլրդ կիլոմետր հեռավորության վրա և Արեգակնային համակարգի ամենահեռավոր կետն է, ուր երբևիցե ավտոմատ կայան է ուղևորվել:
«Ալան Սթեռնը՝ հետազոտական ծրագրի ղեկավարը, ինձ մարտահրավեր նետեց անցյալ տարվա մայիսին: Նա հարցրեց՝ ես կկարողանամ արդյոք գրել մի երգ, որը կարելի կլիներ կատարել, երբ New Horizons սարքը հասնի Ultima Thule աստերոիդին,- պատմել է կիթառահարը:- Ես ոգեւորված էի այն մտքից, որ այդ կետը ամենահեռավորն է բոլոր նրանցից, որոնք ուսումնասիրել է մարդը»:

Երաժշտական կոմպոզիցիայում կընդգրկվի Սթիվեն Հոքինգի (1942-2018 թթ.)` երեք տարի առաջ ձայնագրված խոսքից մի հատված, որտեղ նա տիեզերական առաքելության գիտնականներին շնորհավորում է ապագա նվաճման կապակցությամբ: Մեյը նոր երգը Ամանորի գիշերը New Horizons թռիչքների կառավարման կենտրոնում կկատարի ուղիղ եթերում: Հեռարձակումը կսկսվի ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով հունվարի 1-ին 00:02-ին (Երևանի ժամանակով ժամը 09:02-ին):
Queen խումբը (1970-1992 թթ.) ամենամեծ ռոք-խմբերից մեկն է համարվում պատմության մեջ: Նրա կազմում էին վոկալիստ և ստեղնաշարային գործիքներ նվագող Ֆրեդի Բուլսարան, որը 1972 թվականից հետո վերցրեց «Մերկյուրի» կեղծանունը, կիթառահար Բրայան Մեյը, հարվածային գործիքների երաժիշտ Ռոջեր Թեյլորը և բաս-կիթառահար Ջոն Դիքոնը: 1973-ից մինչեւ 1991 թվականը Queen-ը թողարկել է 14 ստուդիական ալբոմ, որոնցից շատերն առաջին տեղն են զբաղեցրել տարբեր երկրների չարթերում:
Այս տարվա դեկտեմբերին տեղեկացվել է, որ խմբի Bohemian Rhapsody («Բոհեմական ռապսոդիա») երգը դարձել է Համացանցում առավել հաճախ լսվող՝ 20-րդ դարի երաժշտական կոմպոզիցիան. այն ունկնդրել են ավելի քան 1,5 մլրդ անգամ:










































