Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ակնառու է արտաքին ուղղության հարցերի շուրջ աշխուժությունը, հատկապես հիմնական երկու ուղղությունների՝ Արցախի խնդրի և հայ-ռուսական հարաբերության: Այդ աշխուժությունը, սակայն, մեզ հիմք է տալիս ըստ էության հայացք ուղղելու նաև ներս՝ այն իմաստով, որ Հայաստանն այդ տեսանկյունից ունեցել է թերևս մշտական բաց:
Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղությունները որպես «ավանդույթ» դիտարկվել են իշխանության բովանդակային մենաշնորհը, իսկ ընդդիմությունն իր, այսպես ասած, գործն է համարել քննադատել քաղաքականությունը, այն էլ՝ հիմնականում առանց այդ քննադատության մեջ բովանդակային պատասխանատվության տարրի: Այսինքն՝ մոտավորապես ձևակերպենք հետևյալ կերպ՝ ասել, որ ամեն ինչ վատ է, բայց չասել, թե կոնկրետ ինչը ինչով պետք է փոխարինվի, կամ ինչ առարկայական քայլ պետք է արվի շտկելու համար: Սովորաբար խոսվել է, որ ընդամենը պետք է վարել արժանապատիվ, ինքնիշխան քաղաքականություն: Մի բան, որ գործնականում երբեք կասկածի տակ չեն դրել նաև այն իշխանությունները, որոնց մեղադրել են անինքնիշխան կամ անարժանապատիվ քաղաքականության համար: Մինչդեռ դրա ներքո խորացել է մի լուրջ խնդիր, ներհասարակական, ներքաղաքական լուրջ մի ճգնաժամ՝ արտաքին քաղաքական կոնցեպտների բովանդակային վակուում:
Ամենևին պատահական չէ, որ հայաստանյան ընտրություններում արտաքին հարցերը չեն զբաղեցնում շոշափելի տեղ: Դրա պատճառն այն չէ, որ մարդկանց դա չի հետաքրքրում: Պատճառն այն է, որ հանրությունը այդ կապակցությամբ չունի ձևավորված պատկերացումներ ու պահանջներ, չունի դրանց բազմազանություն, և ըստ այդմ՝ չկան դրանց շուրջ քաղաքական մրցակցության հիմքեր: Իսկ բուն պատճառն այստեղ եղել է այն, որ արտաքին հարցերը իրենց մեջ պարունակել են քաղաքական ընդդիմությունների համար որոշակի ռիսկ:
Ներքին հարցերի հասցեատերը միայն Հայաստանի քաղաքացիներն են, իսկ նրանց, այսպես ասած, մոլորեցնելը, նույնիսկ շատ դեպքերում խաբելը, նրանց առաջ պատասխանատվությունից խուսափելը նախորդ համակարգը ներկայացնող ամենատարբեր քաղաքական հոսանքների համար եղել է, այսպես ասած, թույլատրելի. դրանով նրանք առանձնապես չեն կաշկանդվել երբեք: Իսկ երբ խոսքն արտաքին, անվտանգային հարցերի մասին է, որոնց պարագայում անխուսափելիորեն գործ ունենք նաև արտաքին սուբյեկտների հետ, նրանք ևս դառնում են բովանդակության հասցեատեր՝ Հայաստանի քաղաքացիներին զուգահեռ: Իսկ այդ իմաստով հայաստանյան նախկին համակարգում համարել են, որ կարելի է խաբել սեփական քաղաքացիներին, մոլորեցնել, կերակրել ինչ-որ բացատրություններով, բայց նույնը չեն կարող անել աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին:
Ըստ այդմ՝ գերադասել են լինել, այսպես ասած, շառից ու փորձանքից, այսինքն՝ արտաքին քաղաքականությունից բովանդակային առումով հեռու, քանի դեռ իշխանություն չեն: Դա էլ իր հերթին խորքում հասունացրել է մի խնդիր, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանում չեն եղել հակակշիռներ, այսինքն՝ հակակշիռներ եղել են ֆիզիկական անձանց, ուժերի տեսքով, սակայն ոչ բովանդակության ու մոտեցումների:
Հետևանքը եղել է այն, որ վճռորոշ մի շարք դրվագներում Հայաստանը պետականորեն եղել է անկենսունակ, իսկ իրավիճակը հանգել է, որպես կանոն, ներիշխանական հեղաշրջումների: Օրինակ՝ 1998 թվականին հեղաշրջումը ստացվել է, իսկ 2013-14-ին չստացվեց:
Այդպիսով, ակնառու է, որ նոր Հայաստանը պետք է դուրս գա այս ցիկլից և, ըստ այդմ՝ արտաքին քաղաքական, անվտանգային հարցերի շուրջ այս հետընտրական աշխուժությունը ամենևին չպարունակելով առանձնակի տագնապի հիմքեր, պետք է ստիպի նայել ներքին դաշտին ու անել կարևոր արձանագրումը՝ արտաքին և անվտանգային հարցերում քննադատական կոնտենտից բացի՝ բովանդակային մոտեցումների, այսպես ասած, արտադրությունը պետք է լինի Հայաստանում նոր քաղաքական համակարգում կայուն ու հիմնարար տեղ ունենալու քաղաքական ուժերի հայտի «պարտադիր պայմաններից» մեկը, և այդ իմաստով հանրությունն էլ պետք է քաղաքական ուժերի գնահատումը իրականացնի այդ պայմանը հաշվի առնելով: Դա թե՛ արտաքին և թե՛ ներքին հարցերում զարգացումների էֆեկտիվության համար կարևոր հանգամանք է:









































