2018-ին աշխարհում 80 լրագրող է զոհվել, ինչը 15-ով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին ասվում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցում, որը դեկտեմբերի 18-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
«2018-ին 80 լրագրող է սպանվել, ԶԼՄ-ների 348 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության համար, իսկ 60-ը պատանդ են պահվում»,- ասվում է զեկույցում: Նշվում է նաև, որ այս տարի անհետ կորել են ԶԼՄ-ների երեք աշխատակիցներ:
Առավել լայն արձագանք են ստացել հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում եւ փետրվարին Aktuality.sk հրատարակության թղթակից Յան Կուցիակի պատվիրված սպանությունը:
Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների աշխատողների համար այս տարի առավել վտանգավոր երկրներն են եղել Աֆղանստանը (15 զոհված), Սիրիան (11 զոհված) եւ Մեքսիկան (9 զոհված): Այս երկրների շարքում հայտնվել Է նաեւ ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի վերջին ամերիկացին հրաձգություն սարքեց Աննապոլիսում (Մերիլենդի նահանգ) Capital Gazette թերթի խմբագրատանը՝ սպանելով հինգ լրագրողների:







































