Դեռևս հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգում ներառված էր երկու կարևոր հարց՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունում ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը։ Երկուսն էլ մինչ արտահերթ ընտրությունները հնարավոր չեղավ անել ու այս ամբողջ ընթացքում նշվում էր, որ այս երկու հարցի լուծմանը իրենք ձեռնամուխ են լինելու ընտրություններից հետո։
Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի անդամները, սակայն, դեռևս չեն շտապում ժամկետներ նշել, ասել՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ հեռանկարում են կատարվելու այդ փոփոխությունները։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեև, դեռևս, մանդատը չի ստացել, և իր պաշտոնը կաշկանդում է խոսել այդ թեմայով, ամեն դեպքում նշեց, որ և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ «Կուսակցությունների մասին» օրենսգրքի, ինչպես նաև այլ օրենսդրական ակտերի հետագա բարեփոխման գործընթացը շարունակական է լինելու, քանի որ 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրական որոշ ակտեր դեռ չեն ընդունվել։ Մի շարք ակտեր ընդունվել են այն տեսքով, որ արդեն խնդիրներ են առաջացել ու դրանք լրամշակման կարիք ունեն և այս հարցում սիստեմատիկ մոտեցում է պետք ցուցաբերել, որպեսզի ամբողջ օրենսդրական դաշտը գտնվի մեկ միասնական տրամաբանության ներքո։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Վարդանյանն ասաց, որ իհարկե, կարևոր է, թե ինչ ժամկետներում են կատարվելու այդ փոփոխությունները, բայց պետք է առաջնորդվել ողջամտության ընդհանուր սկզբունքով։ «Ցանկացած օրենսդրական կանոնակարգման չափազանց երկարաձգումը, ինչպես նաև հապճեպ մշակումն ու ընդունումը վտանգավոր է և կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել։ Չպետք է մոռանալ, որ նախկինում ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները փոփոխվում էին և ուժի մեջ էին մտնում արդեն փոփոխված տեսքով։ Այնպես որ, մենք հիմա ոչ թե պետք է հստակ ժամկետներ նշենք, որ հետո և՛ մենք, և՛ քաղաքացիները հայտնվեն ծուղակում, այլ պետք է հստակ հասկանանք, որ ողջամտությամբ առաջնորդվելով՝ պետք է բարեփոխել օրենսդրությունը։ Այս ընտրությունները ևս վեր հանեցին մի շարք խնդիրներ, որոնք ևս պետք է հաշվի առնել օրենսդրական բարեփոխումների շրջանակներում»,- նշեց Վարդանյանը։
ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է, որ այլևս օրենսդրական այս փոփոխությունների համար ժամկետների հարցում չշտապել և տեղի ունեցած ընտրություններից դասեր քաղելուց հետո նորից լսել բոլոր կողմերի կարծիքները ու նոր ձեռնամուխ լինել և՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, և՛ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին։ «Մի բան միանշանակ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նոր Ընտրական օրենսգրքով, ավելի հեշտ ու ավելի տրամաբանված։ Դրա համար էլ հիմա մենք այլևս շտապելու բան չունենք։ Հիմա եթե վաղը չընդունենք այդ օրենսգիրքը, այլ ընդունենք մեկ կամ երկու տարի հետո, դրանից բան չի փոխվի։ Մեկ է, նոր ընտրությունները տեղի են ունենալու 5 տարի հետո։ Նույնն էլ նաև «Կուսակցությունների մասին» օրենքի դեպքում։ Այնպես որ, ես հիմա ԱԺ նիստերի օրակարգը չեմ քննարկելու ձեզ հետ ու նշեմ, թե երբ է դա տեղի ունենալու։ Այդ օրակարգն ինքնըստինքյան կձևավորվի»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը։











































