Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին, գրում է interfax.by-ը:
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ: Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է և նրան գիտեն բոլոր նախագահները»,- ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին:
Լուկաշենկոն առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր առաջադրած թեկնածուն այցելի կազմակերպության անդամ բոլոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Նա շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է զիջեն մյուս անդամ երկրներին, քանի որ «հենց նրանք են ՀԱՊԿ-ին ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ»:
«Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց պետք է խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն:












































