Գերմանիայի արևմուտքում հատուկ նշանակության ջոկատը շփոթել է հասցեն և գրոհով վերցրել 88-ամյա թոշակառու կնոջ տունը, հաղորդում է The Local-ը:
Հատուկ ջոկատայինները կոտրել են Լյուդենշայդ քաղաքում գտնվող Հելգի Մակենբախի տան դուռը, լուսաաղմկային նռնակ են նետել շենքի ներս և միաժամանակ ներխուժել են հիմնական մուտքից և երկրորդ հարկի պատշգամբից: Մեծ է եղել նրանց զարմանքը, երբ միջանցքում տեսել են աղմուկից արթնացած տանտիրուհուև, որը քիչ անց նրանց սուրճ և սուրբծննդյան թխվածք է հյուրասիրել: Ինչպես լրագրողներին պատմել են ոստիկանները, տանտիրուհին միջադեպի ամբողջ ընթացքում պահպանել է ոգու կորովը:
Սրճելուց հետո հատուկ ջոկատայիններն անցել են իրենց պարտականությունների կատարմանը և ուղղել են թույլ տված սխալը. բայքերական բանդայի անդամը, որին փնտրում էին, ապրել է թոշակառու կնոջ տանից երկու տուն այն կողմ և հաջողությամբ ձերբակալվել է հենց այդ գիշեր:







































