Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքվեց, թե ինչու է բացակայում Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ամբաստանյալ Հայկ Սարգսյանը տեղյակ չէր:
Ընդմիջումից հետո պաշտպանը ներկայացավ նիստին: Նիստին ներկա էր նաև տուժողը՝ «Կենտրոնի կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Հայկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքը ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելը և պահելը) հատկանիշներով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին և ունի 5 տարվա վաղեմության ժամկետ: Դա նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել այդ հիմքով, ոչ թե արդարացման, եթե ամբաստանյալը դեմ չէ:








































