Ակնառու է, որ Հայաստանի նոր խորհրդարանում առկա ուժերի հարաբերակցությունը, ընդ որում՝ անկախ այդ ուժերի անվանումներից, նկարագրից կամ գաղափարածրագրային բովանդակությունից, չի համապատասխանում քաղաքական և քաղաքագիտական, այսպես ասած, դասական չափանիշներին: Դրանք՝ դասական իրավիճակները, չեն ենթադրում մեկ ուժի 70 տոկոս քվե խորհրդարանի ընտրությանը և այլ ուժերի, այսպես ասած, սահմանադրաարհեստական քվոտավորում 1/3-ի չափով: Եվ այդ իմաստով խոսակցություններն ու գնահատականները այդ առնչությամբ միանգամայն հասկանալի են: Դրանք անհասկանալի են, սակայն, այն ժամանակ, երբ հնչեցվում են իբրև տագնապ կամ մտահոգություն: Կամ՝ այդ տեսքով դրանք հասկանալի են որպես նախկին իշխող համակարգի տագնապ ու մտահոգություն, որ հնչում է՝ ընդ որում, ապրիլ-մայիսից հետո Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի առնչությամբ:
Այդ համակարգը կորցրել է թերևս ամեն ինչ և հիմա փորձում է իր գոյությունը որևէ կերպ ապահովել հենց այդօրինակ տագնապի կամ մտահոգությունների շեփորումով: Իսկ ինչո՞ւ մտահոգվելու կամ տագնապի տեղ չունի հանրության մնացյալ մասը, եթե անգամ հեղափոխության առաջնորդող ուժի համակիր չէ: Որովհետև առկա իրավիճակը կամ դասավորությունը հեղափոխության հաղթանակի անխուսափելի, այսպես ասած, գինն է, ու եթե հեղափոխության հաղթանակը ավարտվի այդ գնով, դա կլինի նույնիսկ փայլուն արդյունք: Ի վերջո, ցանկացած մեծ և առավել ևս կտրուկ վերափոխում ունենում է գին, որը պետք է վճարել:
Եթե մենք, որպես հասարակություն, որը մի կողմից՝ ուներ հեղափոխության ավելի ու ավելի հրատապ անհրաժեշտություն, մյուս կողմից՝ ուներ նախ անարյուն և առանց բարիկադների և հետո նաև՝ հնարավորինս փոքր գին վճարելու անհրաժեշտություն, վճարենք ընդամենը այս ոչ ստանդարտ քաղաքական դասավորությամբ, ապա կարող ենք համարել, որ մենք իրականացրել ենք իսկապես հիանալի գործընթաց:
Հեղափոխությունից հետո՝ հատկապես, երբ այն հաջորդում է ըստ էության դեկորատիվ քաղաքական իրականությանը, միանգամայն բնական է դասական պատկերներից շոշափելի շեղումների հանգամանքը: Հեղափոխությունը չի լինում այլ կերպ: Եվ ավելին, հաճախ շեղումները լինում են շատ ավելի մեծ, շատ ավելի ցնցումային և ցավալի:
Այստեղ է, որ մենք պետք է արձանագրենք Հայաստանում տեղի ունեցողի առայժմ ոչ ցավագին բնույթը և ըստ այդմ՝ արձանագրենք նաև, որ առայժմ չունենք լուրջ մտահոգության և տագնապի հիմքեր: Դրանք կարող են առաջանալ, եթե հանրությունը տեսնի, որ չի կատարվում հաջորդ գործողությունը՝ արդեն լայնամասշտաբ ամենօրյա աշխատանքը, ամենատարբեր ուղղություններով հեղափոխությունը հիմնովին կապիտալիզացնելու և այդ թվում նաև՝ քաղաքական իրականությունը դասական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Այստեղ արդեն խորհրդարանում ներկայացված ուժերի տոկոսային հարաբերությունը չէ, որ լինելու է վճռորոշը. երբ առաջանա հանրային որևէ դժգոհություն խորհրդարանում հնչեցնելու անհրաժեշտությունը, ապա այստեղ մանդատների քանակական հարաբերակցությունը չի որոշելու ոչինչ կամ գլխավոր, որոշիչ գործոնը դա չի լինելու:
Եվ այդ իմաստով նոր խորհրդարանի հանդեպ հանրային նիհիլիզմ կամ հուսահատություն ձևավորելու կամա թե ակամա փորձերը ինքնին շատ ավելի վտանգավոր են բնականոն զարգացման անցնելու տեսանկյունից, քան «հակակշիռների բացակայության» այն պատկերը, որ փորձում են ձևավորել: Կամ՝ վտանգավոր են հենց այդ նիհիլիստական, հուսահատ տրամադրությունները խթանելու փորձերը, որովհետև դրանց շրջանակում շեփորվող պատկերն իրականում չի պարունակում հիմնարար և բովանդակային որևէ վտանգ:






































