Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում՝ փորձելով հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանց պահանջը մեկն էր՝ բացահայտել իրենց որդիների սպանության գործերը: Նրանց հետ հանդիպելու եկավ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Նա լսեց մայրերի բողոքը, ցավակցեց նրանց և խոստացավ ընդառաջել նրանց խնդրանքին՝ հանդիպում կազմակերպել նախարարությունում. «Ես ձեզ վաղը հրավիրում եմ Պաշտպանության նախարարություն: Եկեք, կլսենք ձեր հարցերը»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե բացի չորսից, էլի կան բողոքող ծնողներ, պատրա՞ստ են նախարարությունում նրանց բոլորին ընդունել, Վ. Ավետիսյանը դրական պատասխան տվեց. «Սկզբում մենք կլսենք այս չորս ծնողին, սակայն պատրաստ ենք ընդունել բոլոր նրանց, ովքեր բողոք ունեն»:
Վերջում Ավետիսյանը հորդորեց նրանց Օպերայի բակում անձրևի տակ չկանգնել և տուն գնալ:






































