«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տնօրեն, գնդապետ Սուրեն Խաչատրյանը ՀՀ Զինված ուժերի 22-ամյակին ընդառաջ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս 22 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել կայացած, սպառազինված, ռազմականորեն հզոր զինված ուժեր, որը անհրաժեշտության դեպքում պատրաստ է հաղթահարել իր առջև դրված խնդիրները. «Սա մեր մեծ ձեռքբերումն է այս տարիների ընթացքում, իսկ առաջընթացը շարունակվում է»:
Նրա համոզմամբ՝ բանակն ընդհանրապես գործիք է մեր երկրի, պետականության ձեռքին: Դա այն գործիքն է, որը պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները:
Խոսելով թերացումներից՝ նա ասաց, որ այսօր երիտասարդների շրջանում կայացած լինելու և կրթվածության խնդիր կա, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցում, այնպես էլ բուհերում: «Դպրոցում ունենք նախնական ռազմական պատրաստության դասընթացներ, կահավորված սենյակներ, ամեն ինչ արվում է, որպեսզի երեխան նախնական զինվորական դաստիարակություն ունենա մինչև բանակ զորակոչվելը, չպակասի հայրենասիրական ոգին»,- նշեց նա:
Գնդապետը տոնի առթիվ Զինված ուժերին մաղթեց տոկունություն, նաև նշեց, որ չէր ցանկանա՝ ոչ մի սերունդ իրենց պես պատերազմի բովով անցներ. «Բանակին ցանկանում եմ ամրություն, զինվորին առողջություն եմ մաղթում: Թող բոլորն էլ խաղաղ պայմաններում ծառայեն և վերադառնան իրեն օջախները»:








































