Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների գերակայության մասին են վկայում մեր երկրում օրեցօր արձանագրվող հաջողությունները:
Մարդը բարձրագույն արժեք է և բոլորս մեր ամենօրյա աշխատանքով կարող ենք նպաստել Հայաստանում իրավունքների և ազատությունների երաշխավորմանն ու պաշտպանությանը: Եվ բոլորիս պարտքն է ստեղծել հավասար պայմաններ և իրավունքներ յուրաքանչյուրի համար` հարթելով ճանապարհ, որը հիմնված է հավասարության և մարդկային արժանապատվության վրա:
Լինելով առողջապահության ոլորտի պատասխանատու` կարևորում եմ, որ ցանկացած քաղաքացի իմանա և կարողանա պաշտպանել իր առողջապահական իրավունքը և բժշկական հաստատություն դիմելու պարագայում վստահ լինի, որ դրանք չեն ոտնահարվելու: Առողջապահության նախարարությունը հանձնառություն է ստանձնել պահպանելու ՀՀ քաղաքացիների առողջությունը:
Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի հաջողության երաշխիքն է»:







































