Այսօր Եռաբլուրում վաղ առավոտից իրենց կյանքը հայրենիքի համար զոհած զինվորների մայրերը ծաղիկներ էին դնում, լաց լինում…
Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի մայրը հեկեկում էր որդու շիրմաքարը գրկած:
Կոռնիձորի ջոկատից էր Երվանդը՝ Արայիկ Խուդավերդյանի հրամանատարությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռոզա Ավետիսյանը նշեց, որ արյունով վերցված հողերը չպետք է վերադարձնենք, անգամ կես թիզ: Պետք է պաշտպանել, պետք է պաշտպանեն բոլոր նրանք, ովքեր ուզում են հայրենիքը իրենց լավ հիշի:
«Ես եղել եմ պրոֆմիության նախագահ, ոգևորում էի բոլորին: Իմ երկու տղաները պատերազմ մեկնեցին: Երվանդս բանակից եկավ, ասացի՝ բալես, դու ո՞ւր ես գնում, Մարգարը գնում է: Ասաց՝ մա՛մ ջան, ինչի Մարգարը հայրենիք ունի, ես չունե՞մ, մամ ջան»,- պատմեց Ռոզա Ավետիսյանը՝ հավելելով, որ որդին 24 տարեկանում զոհվեց: «Իր քառասունքի օրը 24 տարին էր… Շրջափակման մեջ են ընկել, ասել է՝ տղե՛րք, դուք ընտանիք ունեք, ես կպահեմ, դուք գնացեք»,- պատմեց մայրը:
Որդեկորույս մայրը նշեց, որ մյուս տղան էլ նախկին զինվորական է, աղջիկը նույնպես զինվորական է, բայց այս ամենը իրեն չի բավարարում:
«Տա Աստված, որ հիշեն բոլոր զոհվածներին անուն առ անուն, ոչ թե միայն մեկ հոգու: Չէ՞ որ եթե չլինեին զինվորները, չէր լինի ոչ ոք»,- ասաց նա՝ շնորհավորելով բանակի տոնի կապակցությամբ: Նա շնորհավորեց սահմանում գտնվող բոլոր զինվորներին, ամբողջ զինվորական անձնակազմին և ցանկացավ աշխարհին խաղաղություն: Ու թե մայրերը արտասվեն, թող դրանք լինեն ուրախության արցունքներ, թե արկերը կրակվելու են, թող ուրախության կրակոց բարձրանա:
Նա նշեց, որ եթե պատերազմ լինի, ինքը կգնա պատերազմ, կպաշտպանի որդու և ընկերների պաշտպանածը:











































