Հայաստանում այսօր բանակի տոնն են նշում: Ինչպես բոլոր տոները, այս տոնն էլ ըստ էության քիչ կապ ունի իրականության հետ, այսինքն` երկու տասնամյակը բավարար չի եղել իրականության հետ այդ կապը ամրապնդելու և զինված ուժերի, ընդ որում` պատերազմում հաղթած զինված ուժերի տոնը իրական դարձնելու, ժողովրդական դարձնելու համար:
Ընդ որում` պատերազմում հաղթած լինելու հանգամանքը հասարակության համար դարձել է երևի թե այն միակ պահող գործոնը, որը թույլ չի տալիս հասարակությանը հայկական բանակը ենթարկել խստագույն քննադատության, այնտեղ տիրող արատավոր ու հանցավոր բարքերի համար: Այսինքն` բանակի կայացումն ու կառավարման կանոնադրականությունը լիակատար կերպով ձախողած իշխանությունների «թեթև ձեռքով», բանակի` պատերազմում հաղթած լինելու հանգամանքը դարձել է ավելի շատ «մեղմացուցիչ դեպք հանցանաց», քան բացառիկ մի ռեսուրս, որը կարող էր ցանկացած ժողովրդի մղել պետականաշինական, սեփական կյանքը կազմակերպելու ուղղակի սխրանքների ու թռիչքների:
Այս ամենով հանդերձ` բանակի տոնը էապես չի տարբերվում մյուս բոլոր խորհրդանշական օրերից, երբ օրն ու տոնը կապ չեն հաստատել իրականության հետ, չեն դարձել ժողովրդական: Սակայն այս դեպքում կա առանձնահատուկ մի հանգամանք, տխուր հանգամանք: Այս տոնի դեպքում, առկա են այն տասնյակ ու հարյուրավոր զոհերը, որ բանակում լինում են խաղաղ պայմաններում: Հարյուրավոր և հազարավոր` այս երկու տասնամյակի կտրվածքով: Եվ չնայած վիճակագրությունը միգուցե տարեցտարի նվազեցրել է ողբերգական դեպքերը, սակայն մեկն անգամ ողբերգություն է: Իսկ դեպքերը բոլորովին էլ մեկը չեն, շատ հեռու են մեկից:
Միայն վերջին օրերին արձանագրվել է մահվան երկու և խոշտանգումների մեկ դեպք: Ինչ զգացում է ունենալու տոնին հասարակության այն մասը, որը հանդիսանում է այդ ողբերգությունների անմիջական կրողը՝ որդի, հարազատ է ուղարկել բանակ, ընկեր է ուղարկել բանակ ու ստացել նրա դին, ստացել նաև անտարբեր վերաբերմունք պետությունից, ստացել անտարբեր վերաբերմունք բանակի ղեկավարությունից, նաև գործերը քննող քննիչներից, որոնք պահել են իրական մեղավորներին, պահում են իրական մեղավորներին և հանրության առաջ «քավության նոխազ» դարձնում անմեղներին: Իսկ այդպիսի մարդիկ, այդ շերտերը, կազմում են հազարավոր քաղաքացիներ, որոնք բանակում խաղաղ պայմաններում որդի, ընկեր, թոռ, հարազատ, եղբայր, ամուսին են կորցրել ու մինչև այսօր չեն ստացել այդ կորստին համարժեք վերաբերմունք (եթե իհարկե` կարելի է այդ կորուստներին համարժեք որևէ բան պատկերացնել), չեն ստացել մահվան պատճառների և իրական մեղավորների մասին իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները, ենթակվել են պետական պաշտոնյաների ծաղրի և արհամարհանքի:
Ահա այս պայմաններում մենք տոնում ենք հայկական բանակի օրը:
Սերժ Սարգսյանը նման դեպքերում կասեր, թե տոն օրերին նման իրողությունները հիշեցնում ու տոնը փչացնում ենք, որ ի՞նչ անենք: Եվ միգուցե ինչ-որ առումով նա լիներ իրավացի, եթե, օրինակ, որպես բանակի Գերագույն գլխավոր հրամանատար աշխատանքային, այսպես ասած, օրերին նա ինքը ակտիվորեն զբաղվեր բանակում ողբերգական և հանցավոր այդ դեպքերի բացահայտման ու կանխարգելման գործով: Իսկ որ նա չի զբաղվում, ակնհայտ է իրավիճակից:
Մասնավորապես, մեկ-երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը նոր զինդատախազ Գևորգ Կոստանյանին հանձնարարեց որդեկորույս մայրերի բողոքը լսել: Հանձնարարությունը տրվեց մայրերի հետ նախագահականի ճաղերի հետևից հանդիպումից հետո: Հանձնարարականից հետո ոչինչ, ըստ էության, չի փոխվել: Ավելին` ոչինչ չի փոխվում նաև նոր նման մայրեր չունենալու համար: Եվ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին այդ խնդիրները չեն հուզում, առօրյայում նա մտահոգ չէ տեղի ունեցող իրողություններով, այլապես իրավիճակի էական փոփոխության համար բավականաչափ ժամանակ կար, որպեսզի հասարակությունը տեսներ այդ փոփոխությունները, տեսներ դրանց տանող ակնհայտ միտումները: Իսկ երբ աշխատանքային օրը օր չէ, աշխատանքային չէ, բնական է, որ տոնն էլ չի կարող տոն լինել, որովհետև չկա ողբերգություն ապրած հազարների հարցերի պատասխանը:
Մյուս կողմից, այնուամենայնիվ, սա մեր բանակն է, որտեղ ծառայում են մեր որդիները, մեր հայրերը, մեր ընկերներն ու եղբայրները: Այս բանակն ունի անշնորհք, կոռումպացված, լիովին այլ նպատակներով ու անձնական խնդիրներով մտահոգ բազում հրամանատարներ` Գերագույն գլխավորից մինչև միգուցե դասակներ, սակայն միևնույն ժամանակ, այդ բանակն ունի հազարավոր նվիրյալ հրամանատարներ ու զինվորներ, նվիրյալ սպաներ, մարդիկ, որոնք բանակում են հասարակության և պետության առաջ պարտքի գիտակցումով, որոնք անցել են պատերազմ և այսօր պատրաստում են զինվորներ, որոնք իրենց մարտունակությամբ կկանխեն հնարավոր նոր պատերազմները:
Այս բանակն ունի Ամեն Հովհաննիսյաններ, որոնք պատրաստ են կյանքով կանխել պետությանը սպառնացող վտանգները: Այդ մարդիկ բանակի հանցագործությունների ու արատների հետ գործ չունեն, այդ մարդիկ պատասխանատու չեն հանցագործների և նրանց քողարկողների ու պաշտպանողների համար, որոնք խաղում են զինուժի պատվի հետ: Այդ մարդիկ իրենց գործի նվիրյալներն են, Հայաստանի Հանրապետության սահմանի, անվտանգության, նաև զինված ուժերի հեղինակության պահապանները: Եվ այսօր այդ մարդկանց տոնն է:
Ու ահա, այդ տոնն, իհարկե, փչացնել չի կարելի, այդ տոնը պետք է, իհարկե, շնորհավորել: Շնորհավորել և այդ մարդկանց շնորհակալություն հայտնել իրենց ծառայության, նվիրումի, ազնվության ու պարկեշտության համար, իրենց ծառայությանը պրոֆեսիոնալ բարեխղճությամբ մոտեցման համար: Այդ մարդիկ են բանակը, մնացյալը ուղղակի շահարկում և շահագործում են բանակն ու նրա անունը, և հասարակության խնդիրն է բանակը ազատել հանցագործներից ու շահարկում-շահագործումներից:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի












































