ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենի կարծիքով՝ ամերիկացի պաշտոնյաները ցանկանում են սպանել իրեն: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Այդ մարդիկ, ովքեր պետական պաշտոնյաներ են, ասել են, որ ցանկանում են գլխիս փամփուշտ արձակել կամ թունավորել ինձ, երբ ես դուրս գամ սուպերմարկետից, այնուհետև նայել, թե ինչպես եմ ես մահանում»,- ասել է Էդվարդ Սնոուդենը գերմանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում:
Էդվարդ Սնոուդենի մեկնաբանությունները ստացվել են մի քանի օր անց այն բանից, երբ նրա փաստաբան Անատոլի Կուչերենան հայտարարել է, որ իր պաշտպանյալը վախենում է իր կյանքի համար:
Այդ հայտարարությունն արվել էր ամերիկյան BuzzFeed կայքում հոդվածի հրապարակումից հետո, որում Պենտագոնի անանուն ներկայացուցիչը Սնոուդենին անձամբ սպանելու ցանկություն էր հայտնել:







































