Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը այսօր անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ժամանակ վերանվանվել է Իսլամական համագործակցության կազմակերպության: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ես հայտարարում եմ կազմակերպության անվանման և տարբերանշանի փոփոխության բանաձևն ընդունված»,- հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երժան Կազիխանովը Աստանայում այդ կազմակերպության արտգործնախարարների գագաթնաժողովի 38-րդ նստաշրջանի ժամանակ:
Կազմակերպությունն այսօր ողջունել է քաղաքական փոփոխությունները Եգիպտոսում և Թունիսում, ինչպես նաև կոչ է արել Սիրիայի իշխանություններին իրականացնել նախանշված քաղաքական բարեփոխումները:
Տեղեկացնենք, որ այս կազմակերպությունը ստեղծվել է 1969 թ., որին այս պահին անդամակցում է 57 երկիր: ԻՀԿ-ի գրասենյակը գտնվում է սաուդական Ջիդդա քաղաքում: