Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է: Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է՝ Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշել է՝ քանի որ հիմա քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերը կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,- ասել է Փաշինյանը։
Դեռ երեկ մենք անդրադարձել էինք թեմային՝ արձանագրելով, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավաքվելու են այլ ձևաչափով՝ օրակարգում չունենալով նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարց։ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո պատկերն ավելի է ամբողջանում։
Պուտինի առաջարկությունը Փաշինյանին այնքան էլ տեխնիկական բնույթ չունի ու, ըստ էության, բովանդակային է։ Ինքնին հասկանալի է, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը գործնականում վերջինն էր, որի ընթացքում կարող էր տեսականորեն կոնսենսուս կայացվել Հայաստանի առաջարկած լուծման շուրջ։ Հարցի հետաձգումը նշանակում է, որ Հայաստանի նոր թեկնածուի հարցը գործնականում դուրս է գալիս օրակարգից, որովհետև այլևս անիմաստ կդառնա մի քանի ամսվա համար ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար ընտրել։ Պուտինը Փաշինյանին, ըստ էության, առաջարկել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանն ինքն է ասում, որ առայժմ կոնսենսուս ձևավորել չի հաջողվել, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը չի ուզեցել կամ չի կարողացել ազդել Բելառուսի ու Ղազախստանի դիրքորոշումների վրա ու փաստորեն Հայաստանին առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ նիստը, ինչն այս պահին համարժեք է գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու մտադրությունից հրաժարման։ Ընդ որում, ակնհայտ է, որ նույնիսկ երաշխիքներ չկան, թե հաջորդ տարվա սկզբին ՀԱԿՊ շրջանակներում հարցի շուրջ կկայացվի կոնսենսուս, ինչը նշանակում է՝ կազմակերպության ներսում այսօրվա ստատուս քվոն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի՝ մինչև գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի Բելառուսին։
Իհարկե, հիմա ընդդիմախոսները Նիկոլ Փաշինյանին քննադատելու են, որ նոր իշխանության քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Եթե նույնիսկ այդ քննադատությունը որոշ իմաստով օբյեկտիվ է, ապա ողբերգություն տեղի չի ունեցել, որովհետև ՀԱՊԿ-ում խնդիրն իսկապես ոչ թե նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է, այլ հարաբերությունների հին համակարգը քանդելը, որտեղ Հայաստանին լավագույն դեպքում վերապահված էր ոչ թե սուվերեն երկրի, այլ Ռուսաստանի կցորդի դեր։
ՀԱՊԿ-ն անվտանգությունը ապահովելու համար չէ, դա Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքում ազդեցություն տարածելու գործիք է, մի հարթակ, որտեղ մեր երկիրը հնարավորինս պետք է ունենա մեծ սուբյեկտություն, սուվերենություն՝ իր օրակարգը սպասարկելու, հայ-ռուսական ավելի արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար։
Հնարավոր է՝ նույնիսկ դրական է, որ Հայաստանը չփորձեց կամ չկարողացավ նոր գլխավոր քարտուղարի հարց լուծել բացառապես Ռուսաստանի օգնությամբ, որովհետև այնքան էլ պարզ չէ՝ այդ դեպքում ինչ էինք վճարելու Մոսկվային։ Այս պարագայում ավելի շատ Հայաստանին առաջարկություններ անելու կամ անվտանգության նոր երաշխիքներ տալու խնդիր ունի Պուտինը, որի խնդրանքով էլ Փաշինյանն ըստ էության համաձայնել է գնալ կոմպրոմիսի կամ այլ կոնսենսուսի։







































