Թմրամոլները, ովքեր իրենց բենզին են ներարկում, ի վերջո դատապարտված են մահվան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Նարկոլոգիական կլինիկայի մեթոդական բաժնի վարիչ Սեդա Ջամալյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին բավական լայն տարածում ստացած այս երևույթին:
«Սա շատ վտանգավոր երևույթ է՝ ավելի վտանգավոր հետևանքներով, քան մյուս թմրամիջոցներինը: Մարդիկ բենզինից շատ շուտ են կախվածության մեջ ընկնում և չեն էլ ուզում հետ կանգնել: Ի դեպ, բենզին ներարկվելու վնասակար հետևանքները բավական շուտ են ի հայտ գալիս, սկսում են փտել ոսկորները, ներարկման տեղում առաջանում է նեկրոզ»,- նշեց բժշկուհին:
Սեդա Ջամալյանը նշեց, որ իրենց կլինիկային բենզին ներարկելու կախվածությամբ շատ մարդիկ են դիմում՝ թե Երևանից և թե մարզերից: «Այս պահին նման այցելուներ չունենք, բայց եթե լինում էլ են, մեզ մոտ շատ քիչ են մնում: Հիմնականում բուժումը կիսատ են թողնում: Մինչդեռ օրենքով սահմանված կարգով՝ բուժման կուրսը 24 օր է: Միաժամանակ, մենք չենք երաշխավորում, որ բուժման կուրսից հետո թմրամոլը կդադարի բենզին ներարկել իրեն: Ամեն ինչ կախված է անձից: Նարկոլոգիական կլինիկայում կարող ենք ամեն ինչ անել, բայց ասենք՝ մեկ շաբաթ մարդը կարող է բենզին չօգտագործել և հետո նորից սկսել»,- ասաց նա:
Բժշկուհին տեղեկացրեց, որ բենզինի ներարկման կախվածությունից ազատվելու համար իրենց հիմնականում դիմում են տղամարդիկ: Այս պահին, սակայն, նման պացիենտներ չունեն: «Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առհասարակ մեզ քիչ են դիմում: Կլինիկայում բուժման կուրսեր անցնողների մասին հաշվետվություններ ենք պատրաստում և արդեն մարտին կհրապարակենք հանրապետությունում եղած թմրամոլների ընդհանուր թվաքանակը»,- ասաց Սեդա Ջամալյանը:
Նշենք, որ բենզինի ներարկման դեպքերն առավել տարածված են հատկապես Գյումրիում:











































