Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական շրջան է, խոստումներն ու հայտարարությունները՝ շռայլ: Այս շրջանում բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից կրկին բարձրացվում է բանակում ներքնաշորերի, հագուստի որակի բարձրացման հարցը, որոնք Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալով, խոստացել էր լուծել: Քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններում նշում են, որ այդ հարցը դեռ լուծված չէ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ը վերջին մի քանի ամիսների ընթացքում կոնկրետ զինվորների ներքնաշորերի հարցում իրականացրել է լրիվ նոր մակարդակի լուծումներ: «Այսօր չորս տարբեր արտադրողների կողմից զորքերին սկսել է մատակարարվել աննախադեպ որակի ներքնաշորեր, որպիսիք չեն եղել նախկինում: Որպեսզի այս թեման մեկընդմիշտ փակենք, մենք պատրաստ ենք դրանք տրամադրել նաև հետաքրքրվողներին, որպեսզի անձամբ օգտագործեն»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Իսկ հարցին՝ ինչպես կմեկնաբանեն այն հայտարարությունները, թե զենքի գնման մասով իշխանությունները թերանում են, ոչ մի տեսակի նոր զենք գնված չէ, անգամ փամփուշտ չեն կարող գնել, ուր մնաց՝ «Իսկանդեր», ՊՆ մամուլի խոսնակն ասաց՝ երևի ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերն ավելի լավ են տիրապետում դասակարգված տեղեկություններին, քան ՀՀ պաշտպանության նախարարությունը:







































