Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու մասին։
Քաղաքապետը գրել էր, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: «Հայտնում եմ ձեզ, որ ՏԿԶՆ հետ արդեն սկսվել է համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու և գրության մեջ նշված անշարժ գույքը համայնքներին վերադարձնելու ուղիներ գտնելու գործընթացը: Էջմիածին քաղաքում խոսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ տարածքի: Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս և հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը»,- գրել է քաղաքապետը:
Այս գրառումից հետո, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին քարոզարշավի ընթացքում արված հայտարարությունը, թե Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել ծաղկաձորյան իր հյուրանոցը նվիրել պետությանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի եղբայրը պատրաստակամություն է հայտնել իր հաշվեհամարներից մեկում ունեցած 30 միլիոն դոլարը նվիրել պետությանը, լուրջ քննարկումների առարկա է դարձել։
Մասնավորապես շատ է քննարկվում, թե գողացված ունեցվածքը, հատկապես Մանվել Գրիգորյանի դեպքում, պետք է արդյո՞ք վերադարձվի պետությանը, թե՞ դրանց իրական տերերին՝ ումից գողացվել է։
Փաստաբան Նորայր Նորիկյանը, օրինակ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ է, որ «գողը իր գողոնը նվիրի գույքի տիրոջը»։ «Գույքի տերը պետությունն է, քանի որ, եթե այդ անձինք օրինական կերպով աշխատեին, պետք է հարկեր վճարեին, օրինական գործունեություն ծավալեին, որի դեպքում չէին կարող նման ունեցվածք դիզել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հորդորելով Նիկոլ Փաշինյանին այս ամբողջ գործընթացը վերցնել իր հսկողության տակ և ցանկացած քայլ իրականացնել ՀՀ օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ հետագայում որևէ մեկի կողմից որևէ շահարկում բացառելու համար։ «Գողը չի կարող իր գողացածը վերադարձնել գույքի տիրոջը և անունը դնել նվիրատվություն։ Գողի ձեռքից գույքը պետք է բռնագրավվի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այն բոլոր մարդկանց, որոնք այսօր պատրաստակամություն են հայտնում «նվիրատվություններ» կատարել պետությանը, այդ բոլոր մարդկանց նկատմամբ, փաստերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետք է քրեական գործ հարուցել, այդ մարդկանց մեղադրանքներ առաջադրել։ Դատախազությունը, որպես միասնական համակարգ, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն ամրագրված իրավասությունների շրջանակում պետք է հաստատի այդ գործերով մեղադրական եզրակացությունները և դրանք ուղարկի դատարան, որտեղ բաց դատաքննության միջոցով պետք է պարզվեն այդ գործերի բոլոր հանգամանքները, և այդ մարդիկ ՀՀ օրենսդրությամբ ու ՀՀ անունից պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այդ մարդկանց գույքի բռնագրավվումը պետք է տեղի ունենա միայն ու միայն դատարանի միջոցով։ Հակառակ պարագայում, հետագայում այն կարող է դառնալ շահարկման եղանակ, և այդ մարդիկ վաղը-մյուս օրը հայտարարեն, որ Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիաների միջոցով հասել է նրան, որ իրենք իրենց հալալ քրտինքով աշխատած գույքը նվիրեն պետությանը։ Այսպիսի շահարկումներից խուսափելու համար ամեն ինչ պետք է անել օրենքի տառին ու ոգուն համապատասխան։ Ու թող այդ գործընթացը տարիներ տևի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Էջմիածինից գործարար, պատգամավորության թեկնածու, Գրիգորյանների հետ վաղեմի հակառակորդ Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս խնդրին երկու մոտեցում պետք է ցուցաբերվի․ պետությունից գողացվածը պետք է վերադարձվի պետությանը, իսկ մարդկանցից գողացվածը՝ մարդկանց, դրանց իրական սեփականատերերին։ «Այստեղ խնդիր կա՝ սպասել քննության ավարտին։ Քննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի ու դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո գույքերը կանցնեն համայնքային հաշվեկշռին։ Բայց Մանվել Գրիգորյանի ունեցած գույքի մեծ մասը պատկանում է «Հայկոպին», հացի գործարանը, որը պետական էր, ունիվերմագը, շուկան ևս պատկանում էր «Հայկոպին», կենսասպասարկման կոմբինատ կար, որը պատկանում էր Երևան քաղաքի կենսասպասարկման վարչությանը։ Ջրային տնտեսությունից գույք կար, որը վերցրել էին Գրիգորյանները։ Հիմա ես չգիտեմ, թե սրանից որն է նա վերադարձրել պետությանը։ Բայց ես պնդում եմ, որ պետությունը ոչ միայն այդ գույքերի վերադարձման խնդիր պետք է առաջ քաշի, այլ ժողովրդից խլվածը նույնպես։ Ժողովուրդը պետք է իր հավատը վերադարձնի պետության նկատմամբ, ու այսօր շատ էջմիածինցիներ սպասում են իրենց սեփականությունը հետ ստանալուն։ Եվ ես հետևողական եմ լինելու այս գործընթացը ավարտին հասցնելու համար»,- ընդգծեց Հակոբյանը։
Ի դեպ, նախօրեին պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը ևս անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ այդ գույքերը պետությանն են ու պետք է վերադարձվեն պետության հաշվեկշիռ։








































