Հունվարի 22-ին Եվրամայդանում սպանված 20-ամյա Սերգեյ Նիգոյանի մահը սգում են բոլորը: Սպանությանն արձագանքում են ամենատարբեր ճակատներից, Ուկրաինայում նույնիսկ նրա սպանողի համար 100 հազար դոլար գլխագին է սահմանվել, սակայն Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն այդպես էլ որևէ ձևով չարձագանքեց, չդատապարտեց կատարվածը: Նույնիսկ դեպքի օրը, երբ տարբեր վարկածներ էին շրջանառվում սպանության հետ կապված, այնուհետև, երբ հաստատվեց, որ սպանվածը ազգությամբ հայ է, դեսպանության կողմից կրկին տիրեց քար լռություն:
«Առաջին լրատվական»-ը փորձեց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանից պարզել, թե ինչու դեսպանատունը պաշտոնապես չի արձագանքում Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին և հատկապես Նիգոյանի սպանությանը: Դեսպանը, սակայն, ի պատասխան մեր հարցերի՝ սկսեց մեղադրել էլեկտրոնային լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Մանուկյանը մեր բոլոր հարցերին պատասխանում էր նույն կերպ՝ հորդորելով «հանգիստ թողնել Ուկրաինայի հայ համայնքին»:
Մեր դիտարկմանը, թե Ուկրաինայում տեղի ունեցողը, հատկապես Նիգոյանի սպանությունը չի կարող չհուզել Հայաստանին, Մանուկյանն արձագանքեց. «Հանգիստ թողեք Նիգոյանի ընտանիքին: Ամեն ինչ ուսումնասիրվում է, հետաքննվում է, և ամեն ինչ դեսպանության ու հայ համայնքի ուշադրության կենտրոնում է: Երբ արդյունքները լինեն, մենք կասենք: Առանց ձեզ էլ մենք ուսումնասիրում ենք: Ձեր էլեկտրոնային մամուլը ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածում և ապակողմնորոշում է Հայաստանի բնակչությանը: Հանգիստ թողեք Ուկրաինայի հայ համայնքին, հերիք է»,- վրդովված ասաց դեսպանը:
Վերջինից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ այսօր արդեն Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ ակցիա է իրականացվել, որտեղ ակցիայի մասնակիցները դատապարտել են ոստիկանական ուժերով ժողովրդին զսպելու մեթոդները, ուկրաինական իշխանություններին կոչ են արել դադարեցնել բռնությունները և իրենց զորակցությունն են հայտնել ուկրաինացի ժողովրդին:
«Ինչի՞ են գնացել ակցիա կազմակերպել Ուկրաինայի դեսպանատան առաջ: Ի՞նչ եք ուզում դուք, ինչի՞ եք ուզում հասնել: Ուկրաինայում հայերի նկատմամբ շատ լավ վերաբերմունք կա, հայ համայնքի նկատմամբ շատ լավ վերաբերմունք է ձևավորվել: Ինչի՞ եք դեսպանատան մոտ ակցիա անում, ինչ անում եք՝ սխալ եք անում: Ուկրաինայում ապրում է շուրջ 600 հազար հայ: Բարեբախտաբար, այդ համայնքի նկատմամբ կա լավ վերաբերմունք, հիմա դրանով, այդ ակցիաներով ինչի՞ եք ուզում հասնել: Այդպիսի ակցիաները սխալ են»,- արձագանքեց Մանուկյանը:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանության այսպիսի չեզոք դիրքորոշումը նույնիսկ զարմանալի չէ: Այն, որ դեսպանը հակված է իշխանությունների, Վիկտոր Յանուկովիչը կողմը, փաստող մի շարք հանգամանքներ կան: Իսկ վերջին ապացույցը Սերգեյ Նիգոյանի սպանությունը չդատապարտելու հանգամանքն էր:
Երբ Մանուկյանից փորձեցիքն ստանալ մի քանի ներքաղաքական հարցերի պատասխաններ, մասնավորապես՝ ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «հակամարտությանը», հավանական համարո՞ւմ է Քոչարյանի վերադարձը, թե՞ ոչ, նա կախեց լսափողը:








































