Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։ Ի պատասխան Արման Եղոյանը նշեց․«Վարչապետի արտասահմանյան պաշտոնական կամ աշխատանքային այցի վերաբերյալ հաղորդագրությունը մենք տալիս ենք այդ այցից մեկ-երկու օր առաջ, բայց վարչապետի արձակուրդը մինչև դեկտեմբերի 5-ին է»,-ասաց նա։
Սա ենթադրո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, կմասնակցի, Արման Եղոյանն այդպես էլ չհստակեցրեց․«Ես արդեն ասացի՝ վարչապետի արտասահմանյան պաշտոնական կամ աշխատանքային այցի վերաբերյալ հաղորդագրությունը մենք տալիս ենք այդ այցից մեկ-երկու օր առաջ»։









































