ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գտնում է, որ այս շաբաթ Պետեկամուտների կոմիտե-Ֆինանսների նախարարություն բանավեճի պատճառը հիմնականում այն է, որ օրենսդիր մարմինը «փաստացի չի ձևավորում գործադիր իշխանությունը»: Իսկ սա նշանակում է, որ պետական որոշ կառույցներ՝ ՊԵԿ-ը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ մարմիններ չեն գտնվում կառավարության կազմում, չունեն նախարարության կարգավիճակ, փոխարենն ունեն ընդամենը առընթեր մարմինների կարգավիճակ:
Իսկ ՊԵԿ-Ֆիննախ հակամարտությունը վերաբերում էր ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում հայտնաբերված չարաշահումներին: Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը ՊԵԿ-ին մեղադրել է այս և այլ ոլորտներում խախտումների մեջ, ՊԵԿ-ն էլ, այդ ամենը որակելով ապատեղեկատվություն, հայտարարել է, թե իրենց բացահայտումները ներկայացվում են որպես խախտումներ… Եվ այս փոխադարձ մեղադրանքներն ու հերքումները մի քանի անգամ կրկնվեցին: «Եթե նույն քաղաքական թիմն է, էդ ինչ են թուրը քաշել իրար վրա: Նա գրում է, մյուսը հերքում է: Մյուսն է հերքում, նա է գրում: Ես դրա համար էի ասում, որ օրենսդիրը փաստացի չի ձևավորում ամբողջ գործադիրը: Սա է մեր հիմնական խոչընդոտը, սա է մեր ամենահիմնական բացը»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը թեև չունի նախարարության կարգավիճակ, ընդամենը կառավարությանն առընթեր մարմին է, այսինքն` մի փոքր ավելի ցածր կարգավիճակ ունի, սակայն իրականում ունի շատ ավելի մեծ լիազորություններ ու հնարավորություններ: Կառավարության կազմում ընդգրկված չլինելու շնորհիվ էլ այդ մարմինը, մեծ հաշվով, պատասխանատվություն չի կրում գործադիրի նկատմամբ և շատ սուր է արձագանքում կառավարությունից իր վերաբերյալ հնչող դիտարկումներին ու դրանց արձագանքում է ագրեսիվ կերպով: Իշխանական համակարգում ՊԵԿ-ը օժտված է ոչ թե Սահմանադրական կամ իրավական, այլ փաստացի այնպիսի հնարավորություններով, որ կարող է ոչ միայն Ֆինանսների կամ այլ նախարարության, այլև կառավարության նկատմամբ հրապարակավ անհնազանդություն ցուցաբերել: Իսկ ՊԵԿ-ն ու Ֆիննախը ավանդական հակառակորդներ են, քանի որ առաջինը եկամուտները հավաքագրող, երկրորդը՝ բաշխող մարմինն է: Իրար հակադիր այս գործառույթները երբեմն այս մարմինների միջև դառնում են հակասությունների պատճառ:
Գ. Ջհանգիրյանը վերը նշված իր դիտարկումն արեց Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր մի շարք պատգամավորների հեղինակած այն օրինագիծը, որը գլխավոր դատախազին պարտադրելու է ամենամյա հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին: Գ. Ջհանգիրյանը գտնում էր, որ գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ-ին, քանի որ ընտրվում է այդ մարմնի կողմից և հանդիսանում է արդարադատությանն աջակցող մարմին:
Շաբաթներ առաջ Գ. Ջհանգիրյանը նաև հայտարարել էր, թե կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն իրենց այդ կարգավիճակի շնորհիվ զերծ են մնացել խորհրդարանին որևէ կերպ պատասխանատու լինելու պարտականությունից: Առընթեր լինելու այդ կարգավիճակի շնորհիվ նրանք չեն մտնում կառավարության կազմ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ չեն գալիս խորհրդարան և չեն պատասխանում պատգամավորների հարցերին: «Որովհետև այն գերհզոր գործադիր գերատեսչությունները, որոնք պետք է առնվազն գերնախարարի կամ փոխվարչապետի կարգավիճակով լինեին կառավարության կազմում, այսօր առընթեր են: Առընթեր մարմիններն իբր ստորադասված են, բայց իրականում դուրս են հանված նաև կառավարության կազմից»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:










































