Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ իրենց չի հաջողվել «ստիպել» երիտասարդությանն ավելի շատ գիրք կարդալ, գրում է թուրքական diken.com կայքը:
«Չնայած բոլոր ջանքերին՝ այս ոլորտում չհասանք մեր ձգտած մակարդակին», – ասել է նախագահը՝ փաստելով, որ գիրք կարդացող երիտասարդների տոկոսային ցուցանիշը Թուրքիայում իրենց համար ամոթալի է:
Էրդողանը նշել է, որ գիտական աշխատանքների քանակի առումով Թուրքիան նույնպես աշխարհում բավականին ցածր ցուցանիշ է գրանցում, ինչը տխրեցնող է իր համար:
«Բնակչության շրջանում գիրք կարդացողների քանակով Թուրքիան աշխարհում 86-րդն է: Մեր երիտասարդները օրվա առնվազն 6 ժամը ծախսում են հեռուստացույց դիտելով, ավելի քան 3 ժամ էլ անցկացնում են համացանցում: Այս ամենի կողքին գիրք կարդալու համար օրական ունենում են ընդամենը մի քանի րոպե, սա մեզ չի սազում», – ասել է Թուրքիայի նախագահը:






































