«Անկեղծ ասած՝ ես տխուր եմ, որ Ուկրաինայում բանը հասավ բռնություններին, բայց մյուս կողմից՝ բոլորս հիացած ենք ժողովրդի անկոտրում կամքով, հանուն ազատության պայքարելու, աշխատելու վճռականությամբ»,- Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ «Առաջին լրատվական»-ին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ ուկրաինացիները պայքարում են ոչ միայն Ուկրաինայի համար, այլև բոլորիս. «Ինչ վերաբերում է այսօր այստեղ հավաքված լինելուն, պետք է ասեմ, որ ես անձամբ մոմ եմ վառել ոչ միայն մեր Սամվել Նիգոյանի հիշատակի, այլև մեզ հայտնի ու անհայտ մյուս երկու զոհերի համար: Աստված նրանց հոգին լուսավորի, և նրանց երազներն էլ թող իրականություն դառնան»:
Անդրադառնալով Ուկրաինայի վերջին օրերի զարգացումներին՝ Հայրիկյանն ասաց. «Ուկրաինայի իշխանիկները՝ ԿԳԲ-ի գործակալները, ավելի անկեղծ եղան նախնական փուլում և հստակ ասացին, որ հրաժարվում են Եվրոպայից: Եթե նույն բանը Հայաստանում լիներ, այսինքն՝ «և-և» չլիներ, ապա Հայաստանում բուռն ընդվզում կլիներ:
Մինչև այսօր էլ մարդիկ մոլորության մեջ են, ասում են՝ մենք հո չե՞նք հրաժարվել եվրոպական արժեքային համակարգից: Զուգահեռաբար խոսվում է Հայաստանի անվտանգության մասին, ասում են՝ եթե դուք՝ հայերդ, ընդվզեք, կվտանգեք նաև Արցախի անվտանգությունը, բայց սա ժամանակավոր երևույթ է, որովհետև մենք հարցման միջոցով ստույգ պարզել ենք, որ հայերի 60 տոկոսն, այնուամենայնիվ, Եվրոպայի հետևորդ է»:











































