«Երևանի ընտրություններից հետո տեղի է ունեցել մեծ փոփոխություն: Օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, և դրա դեմն ըստ էության մենք ենք առել»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ պետք չէ խորհրդարանական ընտրությունները համեմատել Երևանի ընտրությունների հետ. «Որովհետև հռետորաբանությունն էր տարբեր, ունեցանք էդ «սև ու սպիտակի» պատմությունը: Ես կարծում եմ, որ մենք հիմա ավելի գաղափարական, ավելի ապագային միտված ընտրություններ ենք ունենալու: Ի վերջո՝ Երևանի ընտրությունն այն մասին էր, որ պետք է ժողովուրդը որոշեր՝ պառլամենտը ցրվի՞, թե՞ ոչ: Եվ ժողովուրդը 82 տոկոսով որոշեց, որ՝ այո, պառլամենտը պետք է լուծարվի»:
Էդմոն Մարուքյանը նշեց՝ եթե, ասենք, այդ ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը 10 տոկոս էր, հիմա կրկնակի է. «Հետևաբար եթե այդ ընտրություններին մենք երրորդ տեղում ենք հայտնվել, հիմա պետք է երկրորդ տեղում հայտնվենք, և դա հիմնված է օբյեկտիվ ուսումնասիրությունների և քաղաքացիների հետ մեր ունեցած շփումների վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































