Ծննդով ստեփանակերտցի Ռիգայում բնակվող հայ գործարար Վալերի Աբաղյանը, օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, վերադարձել է ու իրավապահ մարմիններից խնդրում է վերաբացել իր մասով տարիներ առաջ կարճված խարդախության գործը։
Վալերի Աբաղյանը 2008 թվականին դարձել է կրկին ստեփանակերտցի հայր և որդի Սեյրան և Սուրեն Աղաջանյանների խարդախությունների զոհը՝ կորցնելով 60 հազար ԱՄՆ դոլար։ Աղաջանյանները Աբաղյանին համոզել են իրենց հետ մասնակից դառնալ գազալցակայանի սարքավորում գնելու գործին։ «Օրը մի 50 անգամ զանգում էր ինձ։ Հերթական անգամ էլ զանգեց, ասաց՝ Վալեր ջան, ձեռս մեծ գործ կա, գազալցակայանի սարքավորումներ պետք է տանենք Եվպատորիա, գործարանի հետ պայմանագիր ունեմ կնքած: Ասաց՝ մի լցակայանի գինը 60 հազար դոլար է, ուզբեկները տալիս են 100 հազար դոլար, մեկ շաբաթ հետո ես քո 60 հազար դոլարի դիմաց 100 հազար դոլար գումար եմ տալիս, խնդրում եմ, օգնի էդ գործն անենք: Ես մերժեցի, բայց անընդհատ զանգում էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աբաղյանը՝ հավելելով, որ, ի վերջո, Սեյրան Աղաջանյանի որդին՝ Սուրեն Աղաջանյանը, կարողացել է զանգել Վալերի Աբաղյանի դստերը և Վալերի Աբաղյանի անունից ասել, որ հայրը չի կարողանում զանգել իրեն և խնդրում է 60 հազար դոլար փոխանցի իրենց հաշվեհամարին: Գումարը փոխանցվել է Աղաջանյաններին պատկանող «Բեկլար» ընկերության հաշվին: Վալերի Աբաղյանի խոսքերով՝ ինքն այդ ժամանակ Սեյրան Աղաջանյանի հետ Եվպատորիայում է եղել, այնտեղ է իմացել, որ դստերը խաբել են ու իր անունից գումար կորզել։ «Հետո մենք իմացանք, որ այդ գազալցակայանի սարքավորման մեկ հատի գինը 25 հազար դոլար էր, ոչ թե 60 հազար դոլար: Նա 50 հազար դոլարով երկու հատ էր գնել: Իմ 60 հազար դոլարով իրենք 210 հազար դոլար փող էին աշխատել»,- պատմեց Աբաղյանը։
Երբ պարզել է, որ իրեն խաբել են, 2010 թվականին դիմել է իրավապահ մարմիններին։ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հայտնելով, որ 2008 թվականի հունիս ամսին Սեյրան և Սուրեն Աղաջանյանները, իրեն խաբելով, գազի լցակայաններ գնելու ու վաճառելու պատրվակով իրենից խաբեությամբ կորզել են 60 հազար դոլար գումար և հափշտակել այն: 2010 թվականի մարտին գործն ուղարկվել է Կենտրոնականի քննչական բաժին, որտեղ ապրիլին մերժել են քրեական գործի հարուցումը:
Այնուհետև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացվել է, և ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ, սակայն ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ կենտրոնականի քննչականի բաժնի ավագ քննիչ Գ. Բեգոյանը շուրջ վեց ամիս քննություն կատարելուց հետո որոշում է կայացրել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճել: Հետո Աբաղյանը բողոքարկել է կարճման որոշումը, նոր քննություն է կատարվել, սակայն անարդյունք, որից հետո որոշում է կայացվել գործի քննությունը տեղափոխել Ստեփանակերտ։
Վալերի Աբաղյանի խոսքերով՝ քրեական գործի կարճման, օբյեկտիվ քննության կասեցման հետևում կանգնած է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը Աղաջանյանների հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել։ Իսկ Աղվան Հովսեփյանի կինը եղել է Սեյրան Աղաջանյանի քրոջ՝ Սուսաննա Աղաջանյանի ամենամոտ ընկերուհին։ «Հիմա կոռուպցիոն երկիր չկա, չկա Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը և հուսով եմ, որ գործը դրական ընթացք կտա։ Այս ամբողջ քրեական գործում Աղվան Հովսեփյանն է մաշեյնիկության դիմել։ Այս գործի գլխին կանգնած է եղել Աղվան Հովսեփյանը, որն այդ ժամանակ լուրջ բիզնես էր անում, Վայոց ձորում հիդրոէլեկտրակայաններ էր կառուցում ու գիտեմ նաև, թե ինչ ձևերով էր խաբում նաև այդ մարդկանց»,-պատմեց Աբաղյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































