Ծագումով Անգլիայի Սուինդոն քաղաքից 30-ամյա Անաստասիա Թեյլոր-Լինդը, որը հայտնի ֆոտոլրագրող է, աշխատում է մի շարք արևմտյան պարբերականների համար և արժանացել է ոլորտի բազմաթիվ մրցանակների:
Նա The Guardian բրիտանական պարբերականում տեղադրել է Լեռնային Ղարաբաղում հարսանիքի ժամանակ արված մի լուսանկար՝ զուգահեռներ անցկացնելով «մեկ ընտանիք մեկ երեխա» սկզբունքը պարտադրող Չինաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակչության աճի խթանման նպատակով հարսանիքների ու երեխաների ծննդի համար իշխանությունների կողմից գումարի տրամադրման քաղաքականությունների միջև:
Նշվում է, որ ամուսնական զույգին՝ Արտակին ու Արմինեին, հարսանիքի առիթով 470 ֆունտ է տրվել, իսկ առաջին երեխայի ծննդի համար՝ 150 ֆունտ:
Երկրորդ երեխայի համար տրվում է 310, երրորդի համար՝ 780, իսկ չորրորդին՝ 1110 ֆունտ: Սրանք մեծ գումարներ են մի տեղ, որտեղ եկամուտը շատ ցածր է:
Խթանը գործում է արդեն 3 տարի: Այդ ընթացում ծնելիության ցուցանիշն աճել է 25 տոկոսով: Նշվում է, որ 6 երեխա ունեցող ընտանիքները տուն են ստանում:
Աշխարհի տարբեր անկյուններում բնակչության աճի խթանման կամ զսպման սխեմաներին ծանոթանալու հիմքում եղել է փաստը, որ 2011-ին աշխարհի բնակչությունը հատել է 7 միլիարդի նշագիծը:
Լուսանկարն արվել է 2011 թվականին հունիսին:










































