Ի սկզբանե, երբ հայտարարեցինք, որ Սփյուռքի նախարարության կողմից նախկինում իրականացված «Արի տուն» և մի շարք այլ ծրագրերի թափանցիկության հետ կապված կան լուրջ մտահոգություններ, մամուլում եղան քննադատական հոդվածներ մեր կասկածների վերաբերյալ, սակայն Քննչական կոմիտեի կողմից իրականացված քննչական գործողությունների հետևանքով պարզվեց, որ մեր կասկածները ճիշտ են։
«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում հայտնաբերվեցին չարաշահումներ, արդեն իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը փոխհատուցել է պատճառված վնասի մի մասը, և ինչպես ասում են Քննչական կոմիտեից, բացահայտման աշխատանքները շարունակվում են և շուտով հայտնի կդառնան այդ ՊՈԱԿ-ում չարաշահումների մասնակից այլ մարդկանց անուններ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարի պաշտոնակատարը։ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դեռ քննությամբ պետք է պարզվի՝ երբ ՊՈԱԿ-ի տնօրենը իրականացրել է չարաշահումներ, այդ ժամանակվա սփյուռքի նախարարն իմացե՞լ է այդ մասին, թե՝ ոչ, եթե իմացել է, ինչո՞ւ չի կանխել։










































