Երեկ, ուշ գիշերին, տեղեկություններ հրապարակվեցին, թե սահմանային Մովսես և Չինարի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական սահմանագծից կրակահերթ է հնչում:
Նշենք, որ համանման տեղեկություն էր հրապարակվել նաև նախորդ օրը: Բացի այդ, ասվում է, թե այդ շարունակական կրակահերթերի պատճառով մարդկանց կամ տարհանում են տներից, կամ էլ տեղափոխում այնպիսի հատվածներ, որտեղից թշնամու գնդակը նրանց չի դիպչի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ տեղեկությունը, թե կրակոցներ են հնչել, համապատասխանում է իրականությանը. «Մեր բանակը պատրաստ է, արժանի հակահարված ենք տվել և լռեցրել»:
Գյուղապետին, սակայն, բարկացրել էին մարդկանց տներից տարհանելու մասին հայտարարությունները. «Այդ ո՞վ է այդպիսի բաներ ասում, ո՞վ է հրապարակել այդպիսի բաներ, պատասխանատվության կկանչեմ: Որ ի՞նչ եք ժողովրդին խուճապի մեջ գցել, ի՞նչի եք ուզում հասնել: Կրակոցներ անընդհատ էլ հնչում են, բայց դա հո չի՞ նշանակում՝ մարդկանց հանել են իրենց տներից կամ պահել. բացարձակ սուտ է»:







































