«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) 2018-2019 ուսումնական տարում կրթաթոշակ են տրամադրել Հայաստանի 5 մարզերի 1-4-րդ կուրսերի 40 ուսանողների՝ «Էյչ-Էս-Բի-Սի կրթաթոշակ» ծրագրի շրջանակներում: HSBC Հայաստան-COAF համատեղ կրթաթոշակի ընդհանուր դրամական ֆոնդը կազմել է 9.5 միլիոն ՀՀ դրամ։
Երկու կազմակերպությունների քառամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռվել է Հայաստանի պետական և մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար և հեռակա ուսում ստանալու հնարավորություն։ Ի լրումն ֆինանսական աջակցության, նշված կազմակերպություններն ուսանողներին ընձեռել են մասնագիտական պրակտիկայի և փորձի փոխանակման հնարավորություն:
Օվսաննա Պապիկյանը՝ Արմավիրի մարզի Վանանդ գյուղից, պատմում է. «Ինձ համար մեծ հաջողություն էր, որ COAF-ը և HSBC Հայաստանը սկսեցին կրթաթոշակների համատեղ ծրագրի իրականացումը։ Չնայած նրան, որ ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար ընդամենը մեկ ամիս ունեի, սակայն ռիսկ արեցի ու փորձեցի։ Այժմ Պատմության ֆակուլտետի ուսանող եմ և ստանում եմ կրթաթոշակ։ Սա մի անհավատալի նվեր էր ինձ համար»:
Այս տարի կազմակերպիչները կրթաթոշակառուներին կտրամադրեն լրացուցիչ պրակտիկայի հնարավորություն, որի շրջանակներում առաջադիմության ամենաբարձր ցուցանիշ ունեցող 10 ուսանողներ իրենց հմտությունները կզարգացնեն հանրային, մասնավոր և միջազգային կազմակերպություններում։
Եվս 10 ուսանողներ կստանան հնարավորություն մասնակցելու մենթորության ծրագրին, որի նպատակն է ուսանողների անձնային և մասնագիտական աճի խթանումը ոլորտում հաջողակ մասնագետների կողմից խորհրդատվության և ուղղորդման տրամադրման միջոցով։
«Երբ ընդունվեցի Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ծնողներիս բերկրանքը մեծ էր։ Սակայն զգում էի, որ նրանց մտահոգում էր ուսման վարձը: Մյասնիկյան գյուղում ապրող ու աշխատող ծնողներս կդժվարանային ապահովել ուսումնառությունս։ Սակայն HSBC Հայաստանը և COAF-ը մեր ընտանիքի երազանքն իրականություն դարձրին»,- ասում է Դավիթ Սահակյանը։
Կրթաթոշակի շարունակականության ապահովման պայման է հանդիսանում ուսանողների կողմից ստացված գիտելիքների ծառայեցումն իրենց համայնքներին՝ վերջիններիս զարգացմանն ուղղված մասնագիտական ծրագրերի իրականացման միջոցով։ Կրթաթոշակը տրամադրվում է մեկ ուսումնական տարվա համար, իսկ դրա շարունակականությունը կախված է ուսանողի կրթական առաջադիմությունից և իրականացված համայնքային ծրագրերի հաջողությունից։
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 75,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր մոտ 3800 գրասենյակներից, որոնք գտնվում են 66 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2018թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2 603 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս- Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 406 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 283 մլրդ. ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի:









































