Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ նոր հետաքննություն է սկսվել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Միլանի դատախազությանը, 77-ամյա քաղաքական գործիչը և ևս 45 մարդ, այդ թվում՝ նրա փաստաբանը, մեղադրվում են անչափահաս մարմնավաճառների ծառայությունից օգտվելու գործով վկաներին կաշառելու մեջ:
Կասկածյալների թվում է նաև այդ գործի գլխավոր անդամներից մեկը՝ մարոկկացի պարուհի Քարիմա Ալ-Մարուգը՝ Ռուբի մականունով:
Քննության վարկածով՝ նա, ինչպես և մյուս աղջիկները, դատարանում ցուցմունք են տվել հօգուտ Բեռլուսկոնիի: Առաջին ատյանի դատարանը քաղաքական գործչին արդեն դատապարտել է 7 տարվա ազատազրկման և ցմահ հեռացրել է ղեկավար պաշտոններից: Պատճառն այն է, որ նա օգտվել է անչափահաս մարմնավաճառների ծառայություններից և չարաշահել է ծառայողական դիրքը՝ այդ հանցագործությունը քողարկելու համար:
Բեռլուսկոնիի պաշտպանությունը բողոքարկում է այս վճիռը վերաքննիչ դատարանում՝ պնդելով, որ գործընթացի ժամանակ վկաներից ոչ մեկը չի ընդունել քաղաքական գործչից դրամական պարգև ստանալու կամ նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստը:










































