«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը:
– Պարոն Լուկյանով, Իրանի և համաշխարհային առաջնորդների միջև Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները դրական ընթացք են ստանում, թվում է՝ հեռու չեն խոսակցությունները նաև համաձայնության մասին: Իրան-Արևմուտք համաձայնությունն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի և հակամարտությունների հանգուցալուծման վրա:
-Այս փուլում Իրան-ԱՄՆ համաձայնության մասին խոսելը դեռևս շատ վաղ է, նույնիսկ տեղին չէ: Սակայն ամբողջ գործընթացը, որին միաձուլվել են նաև սիրիական հակամարտության շուրջ բանակցությունները, դրական է: Իրան-ԱՄՆ մերձեցման հաջողությունը կարող է կարդինալ կերպով փոխել Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակը, քանի որ ներկայումս այս հակամարտությունը որոշում է տարածաշրջանային ողջ քաղաքականությունը: Եթե պատկերացնենք, որ երկխոսությունը հաջող է ընթանալու, ես կարծում եմ, որ ականատեսն ենք դառնալու Իրանի հետագա ամրապնդմանը: Իհարկե, ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների վերականգնումը թեկուզ նրա համար, որ ինչ-որ կերպ Մերձավոր Արևելքում հավասարակշռությունը վերականգնվի, քանի որ ներկայումս ամերիկացիները չեն հասկանում՝ ինչ անել տարածաշրջանում, քանի որ չունեն իրենց նախկին գործընկերներին, ուստի այս աշխարհի հետ հարաբերությունների հավասարակշռումը շատ կարևոր է: Եթե նույնիսկ Իրանը զիջումների գնա, կարծում եմ, որ տարածաշրջանային ազդեցության առումով իր դիրքերը կամրապնդի, քանի որ Իրանի համար մեկուսացումից դուրս գալն ամեն դեպքում առաջընթաց է, Իրանն ընդլայնում է իր հնարավորությունները, ուստի եթե նույնիսկ Իրանը գնա միջուկային ծրագրի սահմանափակմանը, որոշակի զիջումների, ապա Իրանն առաջին հերթին կամրապնդի իր դիրքը, երկրորդ հերթին՝ Իրան-ԱՄՆ միության մասին, կարծում եմ, խոսք անգամ լինել չի կարող: Իրանը չափազանց ամբիցիոզ և ինքնուրույն երկիր է ԱՄՆ-ին ենթակայի կարգավիճակ ունենալու համար, իսկ Ամերիկան այլ կարգավիճակ չի պատկերացնում, ուստի իրանական դիրքերը, այդ բանակցությունների հաջողության պարագայում, ամրապնդվելու են ապագայում էլ: Գործընթացը կշարունակվի միայն:
-Պարոն Լուկյանով, միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնությունը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին: Չէ՞ որ Իրանը խոստացել է մեծացնել նավթի արդյունահանումն ու իջեցնել գները:
-Նավթի գնանկումը քիչ հավանական է, քանի որ վերահսկողությունը գների նկատմամբ նույնն է: Իրանական նավթի մեծածավալ մուտքը համաշխարհային շուկա կանդրադառնա նավթի համաշխարհային գների վրա, սակայն խոսակցությունները, թե գնանկում կլինի, չափազանցված են, քանի որ հիմա էլ իրանական գազ կա միջազգային շուկայում, պարզապես քիչ: Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը, ապա տեսակետ կա, որ ՌԴ-ն հետաքրքրված չէ Իրանի մեկուսացումից դուրս գալով, քանի որ Իրանը ընդհանրապես կվերահիմնավորվի: Բայց դրանք հեռանկարային տեսակետներ չեն: Ես կարծում եմ, որ երկարաժամկետ ապագայում ՌԴ-ի համար ձեռնտու է, որ Իրանը դուրս գա մեկուսացումից և կառուցի իր հետ հարաբերությունները նորմալ հիմքի վրա: Այո, դա կլինի բարդ, քանի որ կմեծանա մրցակցայնությունը, բայց դա կլինի ավելի երկարաժամկետ և արդյունավետ գործընթաց:
–2013թ. ավարտվեց, իսկ 2014թ. սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատական հարցազրույցներով: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կա այս ամենի հետևում, գուցե Կրեմլի հետ համաձայնեցվածությո՞ւն:
-Ես բացարձակապես չգիտեմ՝ դա կարո՞ղ է Կրեմլի հետ համաձայնեցված լինել, թե ոչ: Որքանով ինձ է հայտնի, Հայաստանում անընդհատ բնույթ են կրում քաղաքական բանավեճերը ՌԴ-ի հետ տնտեսական պայմանների շուրջ, իսկ այդ բանավեճին մասնակցում են բոլորը, այդ թվում՝ նախկին նախագահները, այնպես որ, ենթադրել՝ ինչ կա այս ամենի հետևում՝ չեմ ուզում:









































