2012 թվականի գարնանը Չինաստանից Հայաստան ներկրված 249 ավտոբուսներից 60-ը դեռ մինչ օրս երթուղի դուրս չեն եկել: Բացի դա, մասնավոր հատվածի օժանդակությամբ Հայաստան ներկրված լրացուցիչ ավտոբուսներից 20-ը նույնպես դեռ ավտոբուսների համար նախատեսված պարկում են:
Պատճառը, ըստ քաղաքապետարանի, ավտոբուսները շահագործելու համար անհրաժեշտ վարորդների պակասն է: Ըստ քաղաքապետարանի` իրենք մինչ օրս պարբերաբար հայտարարություններ են տալիս, մրցույթ հայտարարում, բայց արձագանքողներ գրեթե չեն լինում: «Քաղաքապետարանը նույնիսկ հայտարարեց, որ իր վրա է վերցնում վարորդների ուսուցման և ավտոբուսներ վարելու համար անհրաժեշտ D կարգի ստացումը, սակայն անգամ դրանից հետո շատ քիչ արձագանք կա: Եթե հաշվենք, որ վարորդը պետք է փոխարինողով աշխատի, ապա ստացվում է, որ մենք 180 վարորդի տեղ ունենք այսօր, բայց գրեթե դիմող չկա»,- ասաց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ աշխատանքի դիմաց վճարվելիք ցածր աշխատավարձն է պատճառը, որ մարդիկ չեն դիմում այդ 180 թափուր աշխատատեղերի համար: «Ես չեմ կարող ասել, թե մարդը ինչ է մտածում, որ դիմում է կամ չի դիմում այդ աշխատանքի համար»,- ասաց նա:
Նշենք, որ ավտոբուսների վարորդները յուրաքանչյուր աշխատանքային ժամի համար ստանում են 279 դրամ: 12 ժամ աշխատելու պարագայում նոր միայն աշխատավարձը կարող է կազմել 90 հազար դրամ, այն էլ` եթե վարորդն աշխատի առանց հանգստյան օրերի: Մինչդեռ հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում շատ աշխատատեղեր կան, բայց մարդիկ 150 հազար դրամով չեն ցանկանում աշխատել, իսկ նրա խոսքերը հաստատեց Տարոն Մարգարյանը՝ հայտարարելով, որ 150 վարորդի աշխատատեղ ունեն՝ չնշելով, թե ինչքան են իրենք վարձատրում այդ աշխատանքի դիմաց: Այդ հրապարակումներից հետո «Առաջին լրատվական»-ը սեփական հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ քաղաքապետարանում նույնիսկ մեկ վարորդի թափուր աշխատատեղ չկա:
Ինչևէ, այդքանից հետո քաղաքապետարանը չի էլ պատրաստվում վերանայել վարորդների աշխատանքի դիմաց տրվելիք վարձատրությունը, որպեսզի հնարավորություն ստանա երթուղի հանել ավտոբուսների պարկում շուտով արդեն 2 տարի հանգրվանած ավտոբուսները: Սրան զուգահեռ օր օրի աճում է տրանսպորտի վիճակից հասարակության դժգոհությունը: Մարդիկ ոչ առավոտյան են կարողանում տրանսպորտով աշխատանքի գնալ, ոչ էլ երեկոյան՝ աշխատանքից տուն: Երթուղի մտած հայտնի ավտոբուսները ժամանում են 20-25 րոպե միջակայքով, իսկ երեկոյան 7-ից հետո ավարտում աշխատանքը: Թե այսքանից հետո ինչպես է քաղաքապետարանը պատրաստվում բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը՝ հայտնի չէ:










































