Հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ որևէ ուժ՝ բացի իշխող «Իմ քայլը» դաշինքից, չի հավակնում գալ իշխանության, մասնակցող մնացած ուժերը անթաքույց պայքարում են ընդդիմադիր դաշտում առաջատարը լինելու համար։
Կարևոր հանգամանքներից մեկը նաև այն է, թե ինչ պատկեր կունենանք արդեն դեկտեմբերի 10-ին, որ ուժերը տեղ կունենան խորհրդարանում, իսկ որոնք կդառնան արտախորհրդարանական ընդդիմություն։ Ընդ որում՝ Փաշինյանի կառավարության և հետհեղափոխական Հայաստանի համար գլխացավանք կարող է դառնալ ոչ թե խորհրդարանական, այլ հենց արտախորհրդարանական, փողոցային ընդդիմությունը։
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ իշխանությունն իր գործով պետք է լավագույնս լավ զբաղվի և այդ պարագայում թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը օգտակար կլինի իշխանությանը։ «Շատ բան կախված է լինելու հենց կառավարությունից ու իշխող դաշինքից, որը կստանձնի քաղաքական պատասխանատվություն բոլոր գործընթացների համար։ Ասեմ ավելին՝ դատելով իրավիճակից և դեպքերի ընթացքից, շատ մեծ կանխատեսման տաղանդ ունենալ պետք չէ՝ փաստելու, որ մենք ապագայում ունենալու ենք «Իմ քայլը» դաշինքի սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում։ Այնպես որ, ամեն ինչ նրանցից է կախված լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեհրաբյանը հավելեց. «Ընդդիմությունը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրի, որպեսզի իշխանությունը սխալներ թույլ չտա՝ ընդ որում թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը և դա անի օրենքով չարգելված ցանկացած տարբերակով»։
Փորձագետի խոսքերով՝ փողոցային ընդդիմության գոյության համար եթե պայմաններ չլինեն, ապա այն, առհասարակ, չի լինի. «Լինելու դեպքում էլ գործոն դառնալու հնարավորություն չի ունենա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ռացիոնալ կգտնվի իշխանությունը։ Մնացած բոլոր հարցերն ու «եթե»-ները ածանցվելու են դրանից»։
Մեր զրուցակիցը նշում է՝ այսօր գլխավոր ինտրիգն այն է, թե որ ուժերը կկարողանան հաղթահարել հինգ, իսկ դաշինքների պարագայում՝ 7 տոկոսանոց արգելքը։ «Այդ իմաստով՝ դատելով մարդկային և ֆինանսական ռեսուրսներից, լավագույն շանսերն ունի «Բարգավաճ Հայաստանը»։ Չնայած սա շանս է, որքանով կդառնա իրականություն, առաջիկա երեք շաբաթների ընթացքում պարզ կլինի։ Ես հնարավոր եմ համարում, որ հինգ տոկոսը հաղթահարի «Լուսավոր Հայաստանը», ես խնդրահարույց եմ համարում այն փաստը, թե արդյոք «Մենք» դաշինքը կհաղթահարի 7 տոկոսանոց շեմը, իսկ մնացած կուսակցությունների պարագայում որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Մյուս կողմից էլ, ես հնարավոր եմ համարում, որ կարողանան ռեյտինգային համակարգով ինչ-որ թեկնածուներ հաջողության հասնեն ու անցնեն Ազգային ժողով»,- եզրափակեց նա։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այն ուժերը, որոնք չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին, չունեն որևէ պոտենցիալ և մրցունակ չեն։ «Եվ այդ պոտենցիալ չունենալը իրենք պայմանավորում են ռեյտինգային ընտրակարգով։ Այդ ուժերը չեն կարող ընդդիմություն լինել գործող իշխանություններին դրսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բադալյանը հավելեց. «Իշխող քաղաքական ուժ լինելու է «Իմ քայլը» դաշինքը, ենթադրում եմ՝ երկրորդ տեղում կլինի ԲՀԿ-ն։ Բայց իրական այլընտրանք կարող է հանդիսանալ այն ուժը, որը կարող է ներկայացնել իրական այլընտրանքային ծրագիր։ Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում, որ որևէ ուժ ցույց տա Հայաստանի զարգացման վեկտորը, ապագա Հայաստանի տեսլականը»։
Ըստ Բադալյանի՝ այն ուժերը, որոնք պետք է գաղափարա-քաղաքական այլընտրանք լինեին իշխող քաղաքական ուժին, առհասարակ չկան։ «Իսկ եթե չենք տեսնում այդ այլընտրանքը, կառավարությունն այդքան էլ մտահոգված չպետք է լինի եղած ուժերի գործունեությամբ՝ անկախ նրանից, թե այդ ուժերը կլինեն խորհրդարանո՞ւմ, թե՞ խորհրդարանից դուրս։ Այդ ուժերից ոչ մեկը այլընտրանք չի ներկայացնում, կան տեսակետներ, բայց դրանք անհատական են։ Խոսքն այն մասին է, որ թե՛ մասնակցող և թե՛ չմասնակցող ուժերից որևէ մեկը իրական այլընտրանք չեն լինելու։ Իսկ եթե այլընտրանք չես, ապա չես կարող խնդիրներ ստեղծել ապագայում իշխանության եկած քաղաքական ուժի և կառավարության համար»,- եզրափակեց նա։







































