Միջազգայնագետ Արմենակ Մինասյանցի կարծիքով՝ գալիք ընտրություններում որոշողը լինելու է միայն ՀՀ քաղաքացին: «Եթե ՀՀ քաղաքացին պատրաստվում է վերահաստատել իր անբեկանելի աջակցությունը ներկայիս իշխանությանը և «Իմ քայլը» դաշինքին, դա մեծ հաշվով քաղաքացու որոշումն է։ Բայց, այո՛, ոչ բոլոր քաղաքացիներն են գնալու ու գաղափարների համար ընտրելու, անձերը մեծ դեր են խաղալու այս ընտրարշավում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արմենակ Մինասյանցի խոսքով՝ ցանկալի կլինի, որ ապագա խորհրդարանում լինի կարծիքների, դիրքորոշումների բազմազանություն. «Դա հնարավորություն կտա աշխուժացնել խորհրդարանի աշխատանքը, խորքային քննարկումներ ունենալ արտաքին հարցերի շուրջ, որոշակիորեն նաև հակակշիռների ու այլընտրանքների տեսլական կստեղծվի»։
Մեր զրուցակիցը հավելեց՝ թավշյա հեղափոխությունը և ներհայաստանյան զարգացումներն այնպիսի ընթացք ունեցան, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում արտաքին ազդեցությունը զրոյացված է. «Բովանդակությունը կլինի ներհայաստանյան։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս արտահերթ ընտրություններում արտաքին քաղաքական գործոնը գրեթե զրոյացված է, ինչը ՀՀ քաղաքացուն հնարավորություն է տալիս իր դիրքորոշումը հստակ արտահայտել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































