Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը մեղադրել է Facebook-ին զրպարտության և դեմոկրատական արժեքները վտանգող գործողությունների մեջ, հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը Twitter-ում:
Հիմնադրամի նախագահ Պատրիկ Գասպարդի նամակն ուղղված Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգին կապված է New York Times պարբերականում տեղ գտած հրապարակման հետ, որտեղ ասվում է, որ սոցցանցը «լոբբիստական արշավ է կազմակերպել Facebook-ը քննադատողների դեմ» և գովազդային ընկերություն վարձել՝ սոցցանցում Ջորջ Սորոսի հակառակորդներին միավորելու համար:

Գասպարդը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում աջ ուժերը համաձայնեցված փորձեր են ձեռնարկում գործարարին և նրա հիմնադրամները «սատանայական» ներկայացնելու համար, իսկ Սորոսը սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում:
Նա նշել է նաև, որ Facebook-ում արդեն գործարարի մասին բացասական ինֆորմացիա է տարածվում:
Գասպարդն առաջարկում է հանդիպել և քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:








































