Շվեդիայի մանկապարտեզիներից մեկից անհետացել են աղջիկներն ու տղաները: Սակայն սա չի նշանակում, որ նրանք այլևս չեն հաճախում մանկապարտեզ: Բոլոր 33 երեխաներն էլ տեղում են: Սակայն մանկապարտեզի աշխատակիցները խուսափում են իգական և սեռական երրորդ դեմքի դերանուններից՝ han-ից և hon-ից, և օգտագործում են hen չեզոք սեռի դերանունը, որը թեպետ գրական շվեդերենում չկա, սակայն որոշ միասեռականների և ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչների բառապաշարում ակտիվ գործածվում է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես ասել է մանկապարտեզի վարիչը, իրենք երեխաների մոտ օգտագործում են hen դերանունը, երբ, օրինակ, մանկապարտեզ պետք է գա ոստիկանը, բժիշկը, ջրի կամ էլեկտրականության մասնագետը, քանի որ չգիտեն, թե ինչ սեռի մասնագետ է գալիս: «Բացի այդ, սա մեծացնում է երեխայի մտահորիզոնը»,- ասել է մանկապարտեզի վարիչ Լոտա Ռայալին:
Որպեսզի երեխաները «չընկնեն գենդերային կարծրատիպերի» ազդեցության տակ, դաստիարակները մեծ ուշադրություն են դարձնում մանկական գրքերի ընտրությանը, ինչպես նաև խաղալիքների գույնին և տեսքին: «Հասարակությունը աղջիկներից ակնկալում է, որ նրանք կլինեն կանացի, գեղեցիկ և հմայիչ, իսկ տղաները` առնական, շփվող և կոպիտ: Սակայն Egalia-ն (մանկապարտեզի անվանումն է.– 1in.am) երեխաներին հնարավորություն է տալիս լինել այնպիսին, ինչպիսին նրանք ուզում են լինել»,- պատմել է դաստիարակչուհի Ջեննի Յոնսոնը:
Սա համապետական ծրագիր է, երբ նույնիսկ ամենաառաջադեմ երկրներից մեկը համարվող Շվեդիայում մեծ առավելություն է տրվում արական սեռի ներկայացուցիչերին, և այդ գենդերային տարբերություններն անհրաժեշտ է հարթել:
Որոշ ծնողներ անհանգստացած են՝ կարծելով, որ այս գործընթացը շատ հեռուն է գնացել, և երեխաները, լքելով նախադպրոցական հաստատությունները, ապակողմնորոշված կլինեն իրական կյանքում:









































